«Երբ հանդիպում ես մարտահրավերի, ավելի խելացի՛ դարձիր», – Pixar-ի հիմնադիր Էդ Քաթմուլի խոսքերով է իր ելույթը մեկնարկում Noor Games-ի հիմնադիր Նարեկ Աղեկյանը:
Noor Games-ն ու Coca Cola Armenia-ն համատեղ հունվարի 28-ին անցկացրին Game Dev Conference 2023 ամենամյա կոնֆերանսը:
«Ինչպե՞ս դառնալ է՛լ ավելի խելացի» հարցին վեց ժամերի ընթացքում պատասխանում էին խաղերի ոլորտի ամենատարբեր ներկայացուցիչներ՝ ծրագրավորողներ, դիզայներներ, հոգեբաններ ու ստարտափերներ:
Եկեք պատկերացնենք, որ Game Dev Conference-ն էլ խաղ է և պարզելու համար, թե ինչպես այն անցավ, պետք է անցնենք մի քանի level-ներով: Սկսեցինք:
Level 1. Ինչու՞ խաղերի ծրագրավորում
Յուրաքանչյուր խաղի սկզբում անհրաժեշտ է ծանոթանալ կանոններին՝ հաղթելու առավել շատ շանսեր ունենալու համար: Այդ է պատճառը, որ Noor Games-ի տեխնոլոգիական թիմի ղեկավար Տիգրան Մինասյանը միջոցառման սկզբում պատմեց խաղերի ծրագրավորման անհրաժեշտության մասին:
Ինչու՞ ընտրել խաղերի ծրագրավորումը՝
- Շատ պարզ. այն հետաքրքիր է:
- Օգտատերերին հասնելու համար չկան լոգիստիկ խնդիրներ. ամեն ինչ օնլայն է:
- Դուք կարող եք փոքր թիմով խաղեր ստեղծել և, միևնույնն է, գումար ստանալ:
- Կարող եք սկսել առանց մեծ ներդրումների:
- Այն չափազանց կրեատիվ աշխատանք է:
Level 2. Միշտ առաջ. բայց տվյալների մշակմամբ
Նարեկ Աղեկյանն անդրադարձավ խաղերի բիզնես կողմին՝ սեփական կազմակերպության օրինակի վրա ներկայացնելով որոշումներ կայացնելու արդյունավետությունն ու տվյալների հետ աշխատելու հմտությունների անհրաժեշտությունը:
Ցանկացած որոշման հիմքում տվյալներն են: Որքան մանրամասն ուսումնասիրված ու շատ լինեն տվյալները, այնքան ավելի արդյունավետ կլինեն որոշումները:
Եվ եթե Դուք կազմակերպությունում ունեք խաղերի ծրագրավորող, դիզայներ, վիզուալ արտիստ ու երաժշտության դիզայներ, ապա ժամանակն է եկել ունենալու նաև տվյալների գիտնական:
Գրքեր, որ խորհուրդ է տալիս Նարեկը. Էդ Քաթմուլի “Creativity, Inc” և Ֆոսթեր Փրովոսթի ու Թոմ Ֆոուցեթի “Data Science for Business”:
Level 3. Ու՞ր առանց չիթ-կոդերի
Եթե խաղերում չիթ-կոդերն օգնում են հեշտ արդյունքի հասնել, ապա իրական կյանքում չիթ-կոդերին փոխարինելու է եկել արհեստական բանականությունը: Այն ամենուր է, խաղերում՝ ևս:
Վարդան Ստեփանյանը Rockbite Games-ից ներկայացրեց, թե ինչպես կարելի է արհեստական բանականությունը կիրառել՝ հօգուտ Ձեր խաղերի:
Օրինակ՝ դիզայնում՝ Midjourney-ն ու Stable Diffusion-ը, անիմացիայում՝ Tree-ն ու MDM-ը, երաժշտության մեջ՝ Riffusion-ն ու Boomy-ն, իսկ սյուժե ստեղծելիս կօգնեն Chat GPT-ն ու Copy AI-ը:
Level 4. Ի՞նչ խաղ առանց վիզուալների
Որքան էլ հետաքրքիր ու ճիշտ գրված լինի կոդը, որքան էլ արդյունավետ բիզնես որոշումներ կայացվեն ու ընտրվեն ճիշտ կիրառելի գործիքներ, ժամանակակից խաղերի ամենակարևոր տարրերից մեկը վիզուալն է:
1-2 տարի անընդհատ աշխատել, տրամադրել 10 հզր ժամ սովորելուն, օգտագործել օնլայն ու օֆլայն ռեսուրսները, կարդալ գրքեր՝ դիզայնը հիմնովին հասկանալու համար: Այս ամենն ու ավելին իր ելույթի ընթացքում խորհուրդ տվեց Armnomads-ից Նարեկ Սամվելյանը: Չէ՞ որ միայն շարունակական աշխատանքը կարող է լավ դիզայնի, ապա և խաղի հետագա հաջողության գրավականը դառնալ:
Global Game Jam Armenia 2023 հաքաթոնի գրանցումը բաց է
Level 5. Ճանաչի՛ր մարդուն, ապա ստեղծի՛ր խաղ
Ինչպես շատ ու շատ այլ ժամանակակից մասնագիտությունները, խաղային ոլորտը ևս հիմնված է մարդկանց էմոցիաների, ամենատարբեր զգացողությունների հետ: Եվ որքան լավ ճանաչես մարդուն, այնքան լավ կհասկանաս՝ ինչ խաղ ստեղծել նրա համար: Խաղերը ոչինչ են առանց հոգեբանության: Վիդեո և մոբայլ խաղերում հոգեբանության մասին պատմում էր Kindda-ի խաղային դիզայներ Մելինե Սահակյանը:
Թեման է՛լ ավելի բաց ու խորը ներկայացրեց նաև Triada Studio-ի կրեատիվ ղեկավար Արսեն Ավոյանը: Ոգեշնչվել բնությամբ, խորապես դիտարկել բնության մեջ տեղի ունեցող պրոցեսները՝ որպես խաղերի հիմք և հասկանալ մարդուն՝ իր հույզերով ու գործողությունների տրամաբանությամբ:
Խաղ ստեղծելը բազմաբովանդակ գործընթաց է՝ ամենատարբեր level-ներով ու զարգացման միտումներով: Այս կոնֆերանսն էլ այդ գործընթացներում հմտանալու ևս մեկ հնարավորություն: Կոնֆերանսի ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել այստեղ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։
Է՞լ ինչ կարդալ.