«Ստարտափը մարդկային ինստիտուտ է՝ սկսած ոչ ֆորմալ խմբից մինչև գրանցված ընկերություն, որն աշխատում է ստեղծել նոր արտադրանք կամ մատուցել նոր ծառայություն՝ ծայրահեղ անորոշ, այսինքն՝ արագ փոփոխվող միջավայրում»․- այսպես է կարծում ամերիկացի գործարար «The Lean Startup» գրքի հեղինակ Էրիկ Ռիսը։ Հայաստանյան արագ փոխվող միջավայրում նման «մարդկային ինստիտուտ» է Foldink-ը, որի համահիմնադիր Համլետ Խաչատրյանը How2B-ին պատմել է ստարտափի մասին։
«Foldink-ը հիմնադրել ենք երեք ընկերներով՝ ես, Վահանը Գրիգորյան և Էմանուելը Ղանդիլյան։ Բոլորս բժշկական համալսարանի ուսանողներ էինք։ Սկսեցինք որպես ուսանողական-գիտական պրոյեկտ, հետո արդեն բիզնես բաղադրիչ ավելացավ դրա մեջ ու դարձավ հենց ստարտափ։
Բիոտպագրություն
Foldink-ը մշակում է բիոտպագրության տեխնոլոգիան։ Բիոտպագրությունը երեք մեծ գիտության ճյուղերի համախմբումն է՝ ինժեներիա, բիոմատերիալների ինժիներիա, բջիջների կուլտիվացիա։ Այդ ամենը համախմբված է մեկ տեխնոլոգիայի մեջ, ինչը թույլ է տալիս լաբորատոր պայմաններում տպագրել, այսինքն՝ ստեղծել ապրող հյուսվածքներ։ Տպագրված մոդելները հանդիսանում են մարդու հյուսվածքի կրկնօրինակ, որոնք կրկնօրինակում են ֆիզիոլոգիական պրոցեսները մարդու օրգանիզմում։ Այն հնարավորություն է տալիս որոշ դեպքերում փոխարինել կենդանիների մոդելներին տարբեր դեղորայքների կամ կոսմետիկայի փորձարկումների ժամանակ։
Աշխարհում խնդիր կա փոխպատվաստման օրգանների, ու այդ օրգանների միակ աղբյուրը այս պահին ինչ-որ մարդկանցից վերցված օրգաններն են։
Մոտ ապագայում ենթադրում ենք, որ տեխնոլոգիան հնարավորություն կտա տպագրել փոխպատվաստման ենթակա օրգաններ։
Տեխնոլոգիայի առավելությունը այն է, որ այն հնարավորություն է տալիս բավարար քանակով օրգաններ տպագրել։ Գիտությունն էլ պետք է այնքան զարգանա, որ ստացված ամբողջական օրգանները չենթարկվեն իմուն պատասխանի՝ մերժման։
Ամեն մարդ ունի ինչ-որ հակամարմինների հստակ մակարդակ, տեսակներ։ Չի կարելի x մարդու լյարդը փոխպատվաստել y մարդու լյարդին, այդ իմուն համակարգը ուղղակի չի ընդունի այդ հյուսվածքը։ Այսինքն՝ հենց պացիենտից վերցվելու են իր իսկ բջիջները, բազմացվելու են, տպագրվելու լրիվ իմուն պատասխան չառաջացնող բիոմատերիալների հետ։ Արդյունքում, տպագրված օրգանը չի ենթարկվի իմուն մերժման, որովհետև օրգանիզմը կընդունի նրան՝ որպես իր սեփական օրգան։
Գիտությունից բիզնես
Գաղափարը ի սկզբանե Էմանուելին էր պատկանում, նա էլ առաջարկեց մեզ միանալ, ստեղծել նախագիծը։ Սկսեցինք, բայց քանի որ Հայաստանում ռեսուրսների պակաս կա, գիտության մեջ ֆինանսավորումը քիչ է, որոշեցինք ինքնուրույն հավաքել մեր բիոպրինտերը։ Երբ նախագիծը ներկայացրինք Սևան Ստարտափ Սամիթ 2018-ին, այն դիտարկվեց նաև որպես բիզնես։ Հենց այդ ժամանակվանից էլ նախագիծը դարձավ ստարտափ, որոշ ժամանակ անց սկսեցինք արտադրել բիոմատրերիալներ, ու այս պահին ընկերության ամենամեծ ֆոկուսներից մեկը հենց բիոմատերիալների արտադրությունն է։
Մեր արտադրանքի սպառողներն են հետազոտական լաբորատորիաները, գիտնականները, ինստիտուտները, համալսարանները, դեղագործական ընկերությունները, բիոտեխնոլոգիական ընկերությունները, կոսմետոլոգիական, արդյունաբերության ընկերությունները, որոնք փորձարկելու են իրենց պրոդուկտները տպված հյուսվածքների վրա։
Հիմա զբաղվում ենք բիոթանաքների մեծամաշտաբ արտադրության կազմակերպմամբ ու զուգահեռ իրականացնում են գիտահետազոտական պրոյեկտներ՝ սրտի աորտալ փականի տպագրություն, ոսկրային հյուսվածքի տպագրության համար անհրաժեշտ բիոմատերիալների մշակում:
Ստարտափը սկսելիս կարծիքներ միշտ հարցնում էինք ոլորտի մարդկանցից, գիտնականներից, շատերը սկեպտիկորեն էին մոտենում, շատերը քաջալերում էին։ Օրինակ՝ հենց այս լաբորատորիան, որտեղ հիմա գտնվում ենք պատկանում է ֆիզիոլոգիայի ինստիտուտին ու այն հյուսվածքային ինժիներիայի ու նույնաբանության լաբարոտորիան է։ Իրենց տարածքում գործ անելու մեր խնդրանքին դրական արձագանքեցին, ու մենք դեռ հյուրընկալվում ենք այս լաբորատորիա։ Բայց կային գիտնականներ, ովքեր սկեպտիկ էին մոտենում, իրականում հասկանալի է, նման մոտեցման պատճառը։ Տեխնոլոգիան դեռ իրոք չի հասել այն մակարդակին, որ կարողանա օրգաններ տպագրել ու տրանսպլանտացիայի ենթարկել։ Հիմա ամեն ինչ գնում է դեպի դրան։ Ներկայումս տարբեր երկրներում ինչ-որ մի բաղադրիչ զարգացվում է։
Ներկայումս ունենք մոտ 10 հոգանոց թիմ՝ բաղկացած գիտնականներից, մարքեթինգի մասնագետներից, ինժեներներից։ Թիմը ընդլայնելու նպատակ կա, բայց հիմա հիմնական աշխատանքները տարվում են տեխնոլոգիան զարգացնելու ուղղությամբ։ Մոտ ապագայում պլանավորում ենք ունենալ 18-19 հոգանոց թիմ և մեր լաբորատորիան, ունենք որոշակի դրամաշնորհային ծրագրեր, պայմանավորվածություններ տարբեր ներդրողների հետ։
Թիմում ընդգրկվելու համար շատ կարևոր են մարդկային որակները, մեր դեպքում ամենակարևորը թիմի հետ աշխատելու ունակությունն է, պատասխանատվությունը, սեփական կարծիքն ու գաղափարը հայտնելու ունակությունը։ Այսինքն, շատ մարդիկ կարողանում են ուրիշի ասած աշխատանքներն իրականացնել, բայց Foldink-ին պետք են մարդիկ, ովքեր կստեղծեն իրենց նոր գիտելիքը, ոչ թե կանեն ինչ-որ մանուալ աշխատանք։
Foldink-ը ստեղծում է նոր գիտելիք, նորարարություններ հենց կենսաբժշկության ոլորտում։ Հնարավոր է նաև ընդլայնվենք ու միայն չկենտրոնանանք բիոտպագրության ոլորտում։ Ոլորտը շատ մեծ է, միևնույն ժամանակ սահմանները հստակ չեն, որպեսզի առանձնացնենք՝ սա հյուսվածքային ինժեներիա է, սա օրինակ՝ դեղագիտություն։ Մենք փորձելու ենք ներգրավել նոր ոլորտներ, նոր ուսումնասիրություններ անել այդ ոլորտներում։
Կյանքը՝ որպես ստարտափ
Իմ խորհուրդը հայ ստարտափերներին․ ամենակարևորը թիմն է, ճիշտ թիմ ունենալը։ Թիմում կարող են չլինել, օրինակ, Սթիվ Ջոբսեր, բայց այդ թիմը ինքն իրենով կարողանա ստեղծել էնպիսի արժեք, որ չի կարողանա ստեղծել շատ խելացի կամ շատ միջոցներ ունեցող այլ անհատ։ Ամենակարևորը թիմն է ու թիմում առողջ մթնոլորտը։ Եթե մեկը մյուսին հասկանում է առանց բառ ասելու, դա ամենակարևոր բանն է ոչ միայն ստարտափներում, այլ ցանկացած աշխատանքում, դա կլինի գիտական խումբ, ֆուտբոլի թիմ։ Եթե թիմը իրար չհասկացավ ու թիմում եղավ թեկուզ փոքր կոնֆլիկտ, հավատացե՛ք՝ լավ բան չի լինելու ու շատ հարցերում խանգարելու է հա՛մ թիմի առաջխաղացմանը, հա՛մ թիմի ներսում անհատների որպես անձ աճին։
Շատ կարևոր է նաև պունկտուալությունը ու ամեն ինչ նախօրոք պլանավորելը։ Ես իմ գործերը գրում, պլանավորում եմ մոտ մեկ շաբաթ առաջ ու արդեն պատկերացնում եմ, թե ինձ ինչ է սպասվում։
Իմ սեփական փորձից կարող եմ ասել, որ պետք չի շատ գործ միանգամից իրար վրա վերցնել։ Մի ընթացք կար, որ ես միանգամից մի քանի նախագծերի վրա էի աշխատում։ Ֆիզիկապես դու փորձում ես անել այնպես, որ ամեն ինչ լավ ստացվի, բայց վերջում դու քեզ հետ մնալու ու շնչելու ժամանակ չես ունենում ։ Ավելի լավ է երկու-երեք գործ ունենաս դրանք անես մաքսիմում 100 տոկոսով, քան ունենաս 5 ու 5-ը անես 90 տոկոսով։
Դժվարությունների մասին խոսելիս ուզում եմ ասել, որ թիմի ներսում իրար հետ մենք դժվարություն չենք ունեցել։ Բայց ամենածանր օրը, սպասեք՝ հիշեմ։
-Վահա՜ն, մեր թիմի ամենածանր օրը ո՞րն է եղել։
-Ամենածա՞նր օրը։
-Իմ մտքին էլ բան չի գալիս։
-Ամենածանր օրերը լինում են այն դեպքում, երբ ինչ-որ դեդլայնի չենք հասցնում ու բոլորով պիտի կպնենք գործը արագ վերջին րոպեներին վերջացնենք։
-Ճիշտ է, թիմում ամենամեծ թերություններից էր, որ մենք որոշ գործեր թողնում էինք վերջին պահին։ Որ մի քանի անգամ փորձում ես էդպես ու ստացվում է նախագիծը հաղթելը, դառնում է դա սովորություն,- ծիծաղելով պատմում են ու հավելում․
«Այն, ինչը թողնում ես վերջին օրվան մի երկու անգամ լավ ստացվում է, բայց հետո արդեն միատոն արդյունավետությունը իջնում է ներքև»։
Ամենալավ օրերից էր, երբ մենք փորձեցինք պայմանավորվածություններ ձեռք բերել մեր պոտենցիալ ինվեստորների հետ։
Ինվեստիցիայի ամենակարևոր կետը այն չի, որ դու կազմակերպության ինչ-որ տոկոսը կտաս ու ինչ-որ գումար կվերցնես։ Կարևորը, որ դու այդ մարդուց կարողանաս քաղել ավելի մեծ օգուտ, քան այդ գումարն է։
Մեր ոլորտի համար տեխնոլոգիական մտածելակերպով, գիտական մտածելակերպով մտածող մարդը մեզ համար ամենամեծ ներդրողը կարող է լինել, որովհետև նա կարող է ներդնել իր միտքը, փորձառությունը բիզնեսի ոլորտում, կապերը։ Ընդհանուր առմամբ, ամենահաջող օրերը պայմանավարովածություններ ձեռք բերելու հետ են կապված, ու առհասարակ, երբ ոլորտի մարդկանցից ինչ-որ ֆիդբեք ես ստանում, դա ամենալավ օրերից է, որ կարող է լինել»։
– Օրը սկսում եք։
– 06։30-ին արթնանալով, այդ ժամին միշտ ոտքի վրա եմ․ առաջինը լվացվել ու դուրս գալ քայլելու։
– Առավոտյան սո՞ւրճ, թե՞ թեյ։
– Սուրճ։
– Ձեր գլխավոր մոտիվացիան․
– Նորը ստեղծել։
– Սիրելի գիրքը։
– «Ֆինանսիստը»։
– Ի՞նչն է Ձեզ ամենաշատը նյարդայնացնում։
-Անպատասխանատվությունը ու մեծամտությունը։
– Ձեր ամենատարօրինակ սովորությունը։
-Սիրում եմ մենակ ճամփորդել։
-Ո՞րն է Ձեր ամենաուժեղ գիծը։
-Վահա՜ն, չէ ես չեմ կարա ասեմ, որն է իմ ամենաուժեղ գիծը, որովհետև եթե սկսեմ էդպես մտածել, էդ գիծը կդառնա ամենաթույլը իմ մեջ, Վահան, ո՞րն է իմ ամենաուժեղ գիծը։
-Աշխատանքին նվիրվածությունը։
– Եվ վերջում, ըստ Ձեզ հաջողության հարցում ի՞նչն է ավելի առանցքային գիտելիքնե՞րը, թե՞ անձնական որակները։
-Մեկը մյուսին փոխլրացնում են։ Աշխատասիրության ու տաղանդի հարաբերակցությունը, եթե 99% աշխատասեր է մարդը, բայց 1% տաղանդը չկա, այդ 99%-ը ոչ մի բան է, ու էնպես էլ չի, որ տաղանդ ունեցող մարդը առանց աշխատասիրության ինչ-որ բանի կհասնի։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։