FinCast #1. Կապիտալի շուկան և մանրածախ ներդրումները Հայաստանում. Կոնստանտին Սարոյան

Վերջին լուրերը
FinCast #1. Կապիտալի շուկան և մանրածախ ներդրումները Հայաստանում. Կոնստանտին Սարոյան
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի տնտեսությունը վերջին տարում լուրջ ֆինանսական ռեսուրսներ է ընդունել: Ինչքանո՞վ է դա ազդել կապիտալի շուկայի վրա: Ներդրումների ի՞նչ տարբերակներ է առաջարկում մեր շուկան: Ինչո՞ւ են խոշոր ընկերությունները սկսել բաժնետոմսեր թողարկել, և ի՞նչ հեռանկար ունի այս գործընթացը: Այս թեմաների շուրջ How2B-ի նոր FinCast պոդքաստում զրուցել ենք Եվրո-Ասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանի հետ: Ամփոփ ներկայացնում ենք պոդքաստի ժամանակ հնչած հիմնական մտքերը:

Կապիտալի շուկան Հայաստանում այսօր

«Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում բազմաթիվ բիզնեսներ տեղափոխվեցին նաև Հայաստան՝ իրենց հետ բիզնեսից բացի բերելով նաև խնայողություններ ու ֆինանսական ռեսուրսներ, որը հիմնականում հոսեց բանկային համակարգ: Բայց մենք դեռ չգիտենք, թե այդ գումարները ինչքան երկար կմնան այստեղ, ինչքան կայուն են դրանք, և ինչ կարող ենք անել դրա հետ: Առայժմ մեր բանկային համակարգը դրանք տեղաբաշխում է կարճաժամկետ գործիքներով: Էֆեկտը, առայժմ, բնականաբար դրական է:

- Advertisement -

Ինչքան փող ունենք, որ կարող է հոսել կապիտալի շուկա՝ 1 տրիլիոնից 5 տրիլիոն դրամ: 1 տրիլիոնն էլ զգալի գումար է: Բայց հիմնական պրոբլեմն այն է, որ մասշտաբային նախագծեր՝ ուղղված հեռու ապագային, գրեթե չկան:

Ներդրում կատարելու տարբերակները, շարժառիթները և խանգարող հանգամանքները

Մեր շուկան ունի առաջարկներ՝ ներդրումներ կատարելու համար՝ սկսած ամենահասարակներից՝ բանկային ավանդ, անշարժ գույք, ոսկի, հետո նաև պետական պարտատոմսեր, կորպորատիվ պարտատոմսեր և որոշակի քանակի բաժնետոմսեր:

Ո՞րը կարող է լինել այն մոտիվը, որ մարդկանց ստիպի կամ խթանի ավելի շատ ներդրումներ կատարել արժեթղթերում: Նախ, այս տարիների ընթացքում բավականին դյուրինացել է պրոցեսը՝ բրոքերային հաշիվ բացելու, դեպոզիտարիայի հաշիվ բացելու և այլն: Գործընթացը, գուցե, կարիք կա ավելի ավտոմատացնելու կամ դարձնելու ավելի user-friendly: Բայց խնդիրը առաջարկի մեջ է: Մենք պետք է ունենանք բավարար քանակի ու ծավալի արժեթղթեր: Մարդիկ պետք է տեսնեն, որ կան հուսալի և մեծ պոտենցիալով ընկերություններ, որոնք թողարկում են արժեթղթեր, որպեսզի գնահատեն՝ ավա՞նդ, թե՞ արժեթղթեր:

Բաժնետոմսերի շուկայում նկատվող տեղաշարժը

Հայաստանում սկսել են հայտնվել ընկերություններ, որոնք բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում են սկսել: Նախ, կապիտալի շուկան դիտարկվում է որպես միջոց ներգրավելու աղբյուր: Երկրորդ, այդ բաժնետերերը դառնում են ընկերության շահառուներ, որոնք ոչ միայն փող են տալիս, այլ աջակցում են՝ ծառայությունները ձեռք բերելով, բրենդը առաջ մղելով, և այլն: Եթե ընկերությունն ունի, օրինակ՝ 2000 բաժնետեր, շատ դժվար է ճնշել այդ ընկերությանը:

Բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO) անող ընկերությունը կառավարման, որոշումների կայացման տեսանկյունից պետք է կանխատեսելի լինի ներդրողների համար: Եթե կասկած լինի, որ ընկերության որոշումները կայացնողը այս կամ այն օլիգարխն է, ով ոչ ոքի չի լսում, ներդրողները այդ պրոյեկտին չեն հավատա: Բաժնետոմս թողարկող ընկերությունը պետք է ունենա կորպորատիվ կառավարման բոլոր էլեմենտները:

Կապիտալի շուկայի զարգացման ամենամեծ շահառուն պետությունն է: Նախ, բաժնետոմս թողարկած ընկերությունների նկատմամբ մեծանում է թե՛ պետության, թե՛ հանրային վերահսկողությունը, ինչի հաշվին պետությունը կարող է ստանալ լրացուցիչ հարկային եկամուտներ: Մյուս գործոնն այն է, որ նման ընկերությունները կորպորատիվ կառավարման արդյունքում սկսում են ավելի էֆեկտիվ գործել, ավելացնում է եկամուտներն ու հարկային եկամուտները: Մյուս շահառուները ընկերություններն են, ներդրողները, և հասարակությունը:

Պոդքաստն ամբողջությամբ՝

Հետևե՛ք How2B-ի բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները