Ամերիկյան Forbes ամսագիրը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց 39-րդ համաշխարհային վարկանիշը։
2025 թվականին միլիարդատերերի թիվը հասել է ռեկորդային 3028-ի՝ գերազանցելով նախորդ տարվա 2781 ցուցանիշը։ Նրանց համատեղ կարողությունը 2024 թվականի 14,2 տրիլիոն դոլարից աճել է մինչև 16,09 տրիլիոն դոլարի, գրում է Forbes.ru-ն։
Ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Իլոն Մասկը՝ 342 միլիարդ դոլար կարողությամբ։ Tesla-ի խոշորագույն բաժնետերը 2022 թվականից ի վեր առաջին անգամ է գլխավորում վարկանիշը։ Նա այն 1422 անձանցից մեկն է, ում կարողությունն այս տարի ավելացել է։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 216 միլիարդ դոլար կարողությամբ։ Երրորդ հորիզոնականում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 215 միլիարդ դոլարով։
Հնգյակում տեղ են գտել նաև Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը՝ 192 միլիարդ դոլար կարողությամբ, ինչպես նաև նախորդ տարվա ամենահարուստ մարդը՝ Louis Vuitton Moët Hennessy-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Բեռնար Առնոն, ով հինգերորդ տեղում է՝ 178 միլիարդ դոլար կարողությամբ։
Ընդհանուր առմամբ, ցուցակի 698 մասնակիցների կարողությունը նվազել է, սակայն ոչ այնքան, որ նրանք դուրս մնան վարկանիշից։ Միևնույն ժամանակ, 288 անձ կրկին վերադարձել է ցուցակ կամ առաջին անգամ ներառվել դրանում։