Հսկայական Starship հրթիռը Մարս կուղարկվի մինչև հաջորդ տարվա վերջ։ Այս մասին իր X-ի էջում է գրել SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը:
Դա կլինի անօդաչու թռիչք, իսկ օդաչուավոր առաքելությունները կարող են սկսվել ևս երեք տարի հետո, եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն:
Անձնակազմի փոխարեն 2026 թվականի վերջին Մարս կթռչի մարդակերպ Tesla Optimus ռոբոտը։ Այն կթռչի երբևէ կառուցված ամենամեծ «Starship» հրթիռով:
Մասկը մեծ հույսեր է կապում նախագծի հետ, թեև վերջին երկու փորձնական արձակումները հաջող չեն եղել՝ տիեզերանավը պայթել է։ Starship-ի համար պատասխանատու SpaceX ընկերությունը խոստացել է հետաքննություն անցկացնել և պարզել խափանումների պատճառները, հակառակ դեպքում ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) թույլտվություն չի տրամադրի հրթիռների հետագա արձակման համար։
Մարսի վրա մարդկանց վայրէջքը կարող է տեղի ունենալ արդեն 2029 թվականին, եթե չնախատեսված խոչընդոտներ չառաջանան, ուստի 2031 թվականն ավելի հավանական է թվում, խոստովանել է գործարարը։
NASA-ն նույնպես հույսեր է կապում Starship-ի հետ. տիեզերանավի տարբերակներից մեկը կկարողանա աշխատել որպես լուսնային մոդուլ՝ Artemis ծրագրի շրջանակներում:
Մասկն իր հերթին մտածում է ավելի մեծ՝ նա մտադիր է նվաճել և՛ Լուսինը, և՛ Մարսը։
2016 թվականին նա հայտնել էր, որ Dragon տիեզերանավը Մարս կմեկնի 2018 թվականին: 2020 թվականին գործարարը հետաձգել է նախատեսված ժամկետը մինչև 2026 թվականը. 2024 թվականին նա հաստատել է այս ամսաթիվը և նշել, որ Starship-ը թռչելու է Մարս։
Հիշեցնենք, որ օրեր առաջ SpaceX Crew-10 առաքելությունը ուղևորվել է ՄՏԿ՝ անձնակազմի չորս՝ երկու ամերիկացի , մեկ ճապոնացի և մեկ ռուս տիեզերագնացներով: Ոչ պաշտոնապես առաքելությունը կոչվում է փրկարարական առաքելություն. նավը կվերադարձնի երկու ամերիկացի տիեզերագնացների, որոնք անցյալ ամառվանից խրված էին կայանում՝ Boeing Starliner առաքելության ձախողման պատճառով: