OpenAI-ի համահիմնադիր Սեմ Ալթմանը և Իլոն Մասկը «բախվել են» X հարթակում՝ OpenAI-ի վերահսկողության համար՝ Մասկի 97,4 միլիարդ դոլար առաջարկի թեմայով, գրում է Reuters.com-ը։
Իլոն Մասկի գլխավորած կոնսորցիումը երկուշաբթի օրը հայտարարել է, որ առաջարկում է 97,4 միլիարդ դոլար՝ գնելու ոչ առևտրային կազմակերպությունը, որը վերահսկում է OpenAI-ը: Մասկի հայտը, ամենայն հավանականությամբ, կխորացնի երկարամյա լարվածությունը նրա և OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի միջև։
Ի պատասխան այս հայտարարության՝ Սեմ Ալթմանն X-ի իր էջում գրել է․ «ոչ, շնորհակալություն, բայց եթե ցանկանաք, մենք կգնենք Twitter-ը՝ 9,74 միլիարդ դոլարով»:
Հիշեցնենք, որ Մասկը` Ալթմանի հետ միասին, հիմնադրել է OpenAI-ը 2015 թվականին՝ որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, սակայն հեռացել է մինչ ընկերության վերելք ապրելը: 2023 թվականին նա հիմնել է մրցակից xAI ստարտափը։
OpenAI-ն այժմ փորձում է անցում կատարել շահույթ հետապնդող կազմակերպության՝ ոչ առևտրային կազմակերպությունից, որը, ըստ նրա, անհրաժեշտ է կապիտալ ապահովելու նպատակով՝ AI լավագույն մոդելներ մշակելու համար:
Մասկը դատի է տվել Ալթմանին և մյուսներին անցյալ տարվա օգոստոսին՝ պնդելով, որ նրանք խախտել են պայմանագրային դրույթները՝ շահույթը հանրային բարիքից առաջ դասելով՝ արհեստական բանականության առաջխաղացման համար: Նոյեմբերին նա ԱՄՆ շրջանային դատավորից խնդրեց նախնական որոշում կայացնել, որն արգելափակում է OpenAI-ի փոխակերպումը շահույթ հետապնդող կառույցի:
Հիշեցնենք, որ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը Դոնալդ Թրամփի մերձավոր դաշնակիցն է: Նա ավելի քան քառորդ միլիարդ դոլար է ծախսել Թրամփին ընտրելու համար և ղեկավարում է Սպիտակ տան նոր թևը՝ Կառավարության արդյունավետության վարչությունը, որի խնդիրն է արմատապես կրճատել դաշնային բյուրոկրատիան:
Վերջերս Մասկը քննադատել էր 500 միլիարդ դոլար արժողությամբ OpenAI-ի ղեկավարած նախագիծը։
Մասկի կողմից OpenAI-ի և Ալթմանի դեմ հայցում ասվում է, որ հիմնադիրներն ի սկզբանե դիմել են նրան՝ ֆինանսավորելու ոչ առևտրային մի կազմակերպություն, որը կենտրոնացած էր մարդկության համար AI-ի զարգացման վրա, բայց այն այժմ կենտրոնացած է փող աշխատելու վրա։