2022 թվականի աշնանը Իլոն Մասկը գնեց Twitter-ը, իսկ հաջորդ ամռանը վերանվանեց այն X: Սոցցանցի հայտնի կապույտ թռչնի լոգոտիպը հեռացվեց շենքի վրայից և այժմ վաճառքի է հանվել աճուրդում՝ մոտ $40,000 ակնկալվող գնով։
Լոգոտիպը նախկինում զարդարում էր ընկերության կենտրոնակայանի շենքը Սան Ֆրանցիսկոյում և համարվում էր սոցցանցի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը։ Աճուրդի կազմակերպիչ RR Auction-ի գնահատմամբ՝ վերջնական գինը կարող է հասնել $40,000-ի, իսկ այս պահին $27,500 է։
Գնորդը պետք է ոչ միայն վճարի գնումը, այլև հոգա դրա տեղափոխման ծախսերը։ Հսկայական թռչունը կշռում է 254 կգ և ունի 368 × 267 սմ չափեր։ Այն ապամոնտաժելիս պահանջվել է վերամբարձ կռունկ և աշխատակազմ։
Սա Twitter-ի լոգոտիպի առաջին աճուրդը չէ։ 2023 թվականին նախկին բրենդի տարբերանշանները ևս վաճառքի էին հանվել, ընդ որում՝ դրանցից մեկը ձեռք էր բերվել $100,000-ով։