Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որը միտված է պարզեցնել էլեկտրամեքենաների լիցքավորման գործընթացը։ Նոր դրույթներով նախատեսվում է հստակեցնել իրավական դաշտը, որպեսզի վարորդները կարողանան առանց ավելորդ բյուրոկրատական խոչընդոտների օգտվել լիցքավորման հնարավորություններից։
Պատգամավոր Ծովինար Վարդանյանի խոսքով` հատկապես բազմաբնակարան շենքերի բնակիչները հաճախ բախվում են բարդությունների․ մինչ այժմ մեքենան լիցքավորելու համար անհրաժեշտ էր առանձին պայմանագիր կնքել էլեկտրաէներգիայի մատակարարի հետ և դառնալ առանձին բաժանորդ, ինչը ծախսատար ու ժամանակատար գործընթաց էր։ Փոփոխություններով քաղաքացին կկարողանա իր բնակարանի էլեկտրաէներգիայի հոսքը կիրառել նաև ավտոկայանատեղում՝ առանց լրացուցիչ կարգավորումների։
Օրենքի նախագծով նաև հստակեցվում է, որ էլեկտրամեքենաների լիցքավորման ծառայություն կարող է մատուցել ցանկացած մարդ, և այդ գործունեությունը չի պահանջում լիցենզիա։ Սահմանվում է նաև, որ սպառողը կարող է մատակարարվող էլեկտրաէներգիան օգտագործել ոչ միայն բնակարանում, այլև նրան պատկանող այլ տարածքներում՝ պահպանելով տեխնիկական և անվտանգության պահանջները։
Փոփոխությունների մեկ այլ կարևոր կետ վերաբերում է ինքնավար էներգաարտադրողներին․ վերականգնվող աղբյուրներով սեփական կարիքների համար էլեկտրաէներգիա արտադրող սպառողները կկարողանան շարունակել օգտվել նախկինում սահմանված առավելություններից՝ չդառնալով մեծածախ շուկայի պարտադիր մասնակից։ Սա նպատակ ունի հավասար պայմաններ ապահովել տարբեր հզորություններով արտադրողների համար և խթանել կանաչ էներգետիկայի զարգացումը։