Մեկնարկում է «EIF-ը մարզերում» զարգացման և ներդրումների նախաձեռնությունը, որի շրջանակում կձևավորվի տեխնոլոգիական, գիտական և ճարտարագիտական լուծումների խթանման առաջին հարթակը՝ ուղղված մարզերում նորարարությունների զարգացմանը։ Այն նախաձեռնել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)։
Նախաձեռնության շնորհիվ՝ նախատեսում է կապ ստեղծել խոշոր ձեռնարկությունների, արդյունաբերական ընկերությունների և տեխնոլոգիական կենտրոնների միջև, նպաստել տեղական բիզնեսի նորարարական հնարավորությունների ընդլայնմանը և խթանել արդյունաբերության արդիականացմանը՝ նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով։
«Ստեղծվող հարթակը կդառնա համագործակցության եզակի միջավայր, որտեղ գիտական, ճարտարագիտական և տեխնոլոգիական համայնքները կմիավորվեն՝ մեծ բիզնեսի հետ համատեղ նորարարական լուծումներ մշակելու համար։ Այն ուղղված է ոչ միայն տեխնոլոգիական ոլորտի, այլև արտադրության, գյուղատնտեսության, էներգետիկայի և այլ ավանդական արդյունաբերությունների վերափոխմանը», – նշում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում մարզային զարգացման և ներդրումների ղեկավար Բելլա Հարությունյանը։
Նախաձեռնության շնորհիվ՝ ՁԻՀ-ի մարզային տեխնոլոգիական կենտրոնները (Գյումրում, Վանաձորում), ինչպես նաև Սյունիքի մարզի Սիսիանի և Ագարակի (շուտով կբացվի) լաբորատորիաները կառաջարկեն ինժեներական և գիտահետազոտական լուծումներ: Դրանք կօգնեն արդյունաբերական ձեռնարկություններին, ինչպես նաև գյուղատնտեսական և վերամշակման ոլորտի ընկերություններին՝ հաղթահարելու իրենց առջև կանգնած խնդիրները և բարձրացնելու արտադրողականությունը։
Բացի այդ, ՁԻՀ-ը նախաձեռնելու է կորպորատիվ ներդրումների ներգրավման ծրագրեր, որոնք խոշոր ընկերություններին հնարավորություն կտան իրականացնել համատեղ R&D (հետազոտական և զարգացման) նախագծեր և ներդրումներ կատարել նորարարական լուծումների մեջ։
Նախաձեռնության շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի մարզային կենտրոններում կշարունակվեն իրականացվել մասնագիտական վերապատրաստման նոր ծրագրեր, որոնք կօժանդակեն մարզերի աշխատուժի զարգացմանը՝ ապահովելով բարձր վարձատրվող նոր աշխատատեղեր տեխնոլոգիական և արդյունաբերական ոլորտներում։
Կարդացե՛ք նաև.