Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ հերթական զեկույցը

Վերջին լուրերը
Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ հերթական զեկույցը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Համաշխարհային բանկի վերջին զեկույցի համաձայն՝ 2025 թվականի ապրիլին Հայաստանի տնտեսական ակտիվությունը տարեկան կտրվածքով աճել է 5.4 տոկոսով՝ նախորդ ամսվա 3.7 տոկոսի համեմատ։ Աճին հիմնականում նպաստել են շինարարության և հանքարդյունաբերության ոլորտները՝ ինչպես նաև մասնավոր սպառման բարձր մակարդակը։

Զեկույցում նշվում է, որ շինարարությունը աճել է 18 տոկոսով, իսկ արդյունաբերության անկման տեմպը դանդաղել է։ Մշակող արդյունաբերության կրճատումը կազմել է 16 տոկոս՝ նախորդ ամսվա 26 տոկոսի փոխարեն։ Հանքարդյունաբերության ոլորտում արձանագրվել է 4 տոկոս աճ։

Արտահանումն ու ներմուծումը շարունակել են կրճատվել՝ պայմանավորված թանկարժեք քարերի վերաարտահանման նվազմամբ։ Արտահանումը նվազել է 57.3 տոկոսով, ներմուծումը՝ 43.8 տոկոսով։ Առանց վերաարտահանվող ապրանքների՝ արտահանումը և ներմուծումը աճել են համապատասխանաբար 5 և 9 տոկոսով։ Արտաքին առևտրի դեֆիցիտը 2025-ի առաջին չորս ամիսներին հասել է 1.4 միլիարդ դոլարի՝ 31 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։

Մասնավոր սպառման աճը կազմել է 15.3 տոկոս, իսկ կապիտալի համախառն կուտակումը՝ 7 տոկոս։ Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները շարունակել են աճել՝ ապրիլին գրանցվել է 33 տոկոս աճ, հիմնականում Ռուսաստանի (51%) և ԱՄՆ-ի (26.4%) հոսքերի շնորհիվ։

Մայիսին գնաճը կազմել է 4.3 տոկոս՝ գերազանցելով ԿԲ-ի 3 տոկոսային թիրախը։ Գնաճի վրա ամենաշատը ազդել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների թանկացումը։

Բանկային համակարգում վարկերի և ավանդների երկնիշ աճը շարունակվել է։ Ապրիլին վարկերը աճել են 28.4 տոկոսով, ավանդները՝ 15.1 տոկոսով։ Դրամն արժևորվել է դոլարի և եվրոյի նկատմամբ, սակայն արժեզրկվել է ռուբլու համեմատ։

Չնայած կանխատեսված պակասուրդին՝ ապրիլին բյուջեում գրանցվել է ՀՆԱ-ի 0.4 տոկոսի չափով հավելուրդ։ Տարվա առաջին չորս ամիսներին բյուջեի հավելուրդը կազմել է ՀՆԱ-ի 0.6 տոկոս՝ եկամուտների գերակատարման և կապիտալ ծախսերի թերակատարման պայմաններում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները