Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 6,2 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,8 տոկոսով, տեղեկանում ենք ՎԶԵԲ-ի «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ» (Regional Economic Prospects, May 2024) զեկույցից։
ՎԶԵԲ-ը իր նախորդ վերլուծությունում ակնկալում էր, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 4,5 տոկոսով։ Այս տարվա մայիսին ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն հայտարարեց, որ Հայաստանում 2024թ․–ին կանխատեսվում է 5% տնտեսական աճ և մոտավորապես նույնքան` 2025 թվականին։
Մայիսյան զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսությունը շարունակել է լավ արդյունքներ գրանցել 2023 թվականին։
«ՀՆԱ-ն աճել է 8,7%-ով` արտահանման աճող պահանջարկի և շինարարության, հյուրանոցային բիզնեսի, տեղեկատվական և հաղորդակցության ծառայությունների երկնիշ աճի ֆոնին: 2023 թվականին կապիտալի զուտ ներհոսքերը, 2022 թվականի համեմատ, նվազել են գրեթե 40%-ով, սակայն զգալիորեն ավել է մնացել, քան 2021 թվականին։ Հաշվի առնելով այն, որ ծառայությունների արտահանման ավելացուկը փոխհատուցել է ապրանքների առևտրում աճող պակասուրդը՝ ընթացիկ հաշվի պակասուրդը վերադարձել է պակասուրդին՝ ՀՆԱ–ի 2,1%–ի չափով», – նշվում է ուսումնասիրությունում։
Զեկույցում նշվում է, որ 2023-ին գնաճը հիմնականում պահպանվել է զրոյի մոտ ամբողջ տարվա ընթացքում և թույլ է տվել Կենտրոնական բանկին նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Զեկույցում նաև նշում է, որ փախստականների ինտեգրման դյուրացմանն ուղղված պետական ծախսերի ավելացումը կաջակցի աճին:
«Տնտեսական հեռանկարների համար ռիսկերը հիմնականում առաջանում են աշխարհաքաղաքական անորոշությունից», – նշում են վերլուծաբանները:
2024 թվականի համար պետբյուջեով նախատեսվում է 7 տոկոս տնտեսական աճ, իսկ ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2024 թվականին երկրի տնտեսական աճը կլինի 5,3-6,4 տոկոսի միջակայքում։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: