ԵԱՏՄ-ն մեկնարկում է արդյունաբերական ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման նոր մեխանիզմ: Այս մասին Արմենպրեսին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ Գոհար Բարսեղյանը:
ԵՏՀ խորհուրդը հունվարի 22-ի նիստում հաստատել է առաջին երկու եռակողմ նախագծերի սուբսիդավորման հայտերը: Դրանք են՝ «Մուրոմյան սլաքային գործարան»-ի նախագիծը Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ արագընթաց երկաթուղային մայրուղու շինարարության համար, և «Kazrost Engineering Ltd» ընկերության նախագիծը Ղազախստանում՝ գյուղատնտեսական տեխնիկայի խցիկների արտադրության ընդլայնման համար:
Նոր մեխանիզմի նպատակն է ստեղծել համատեղ կոոպերացիոն արժեքային շղթաներ՝ միտված նոր արտադրական հզորությունների ստեղծմանը կամ գոյություն ունեցողների արդիականացմանը: Միության բյուջեից կսուբսիդավորվի ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրված վարկի կամ փոխառության տոկոսադրույքը՝ անդամ պետության կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքի 100%-ի չափով:
Ծրագիրը գործելու է 5 տարի և ներառում է վերամշակող արդյունաբերության բոլոր ճյուղերը, բացառությամբ սննդի վերամշակման: Մեկ նախագծի սուբսիդավորման առավելագույն չափը սահմանված է 350 միլիոն ռուբլի տարեկան: Վարկային տոկոսադրույքները չեն կարող գերազանցել անդամ պետության հիմնական տոկոսադրույքը գումարած 6.5%:
Մեխանիզմին մասնակցելու իրավունք ունեն 64 բանկ և 9 զարգացման ինստիտուտ, որոնցից 17-ը Հայաստանից են: Բարսեղյանը կոչ է արել հայկական բիզնեսին ակտիվորեն ներգրավվել նախագծերի մշակման գործընթացում՝ նշելով, որ հանձնաժողովը պատրաստ է աջակցել ձեռնարկություններին խորհրդատվությամբ և ԵԱՏՄ-ի շրջանակում գործընկերներ գտնելու հարցում: