e-Logi Fest25-ը գալիս է Հայաստանում ձևավորելու ժամանակակից լոգիստիկ միջավայր

Վերջին լուրերը
e-Logi Fest25-ը գալիս է Հայաստանում ձևավորելու ժամանակակից լոգիստիկ միջավայր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Մենք հավատում ենք և վստահ ենք, որ Հայաստանը ունի ամբողջ պոտենցիալը, որպեսզի դառնա տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն». այս խոսքերով սկսվեց մայիսի 7-ին կայացած e-Logi Fest25-ի՝ լոգիստիկայի և էլեկտրոնային առևտրի ոլորտների տարվա կարևորագույն միջոցառման հայեցակարգի շնորհանդեսը՝ լոգիստիկ և տեխնոլոգիական համայնքների ներկայացուցիչների, ընկերությունների ղեկավարների և ոլորտի առաջատարների մասնակցությամբ։

e-Logi Fest25-ը լոգիստիկայի և էլեկտրոնային առևտրի ոլորտներում տարածաշրջանի խոշորագույն իրադարձությունն է։ Միջոցառման գլխավոր նպատակն է խթանել թվային լուծումների ներդրումը, ինչը կբարձրացնի ոլորտի արդյունավետությունն ու կաջակցի տարբեր դերակատարների միջև համագործակցությանը։

«Մեր թիմը հավատում է, որ Հայաստանը ունի ողջ պոտենցիալը, որպեսզի դառնա տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն։ Մենք ցանկանում ենք մեր միջոցառման միջոցով ստեղծել հարթակ և համայնք, որտեղ կմիավորվեն բոլոր շահագրգիռ կողմերը և կստեղծվեն բազմատեսակ ենթակառուցվածքներ, որոնք կնպաստեն համաշխարհային տարբեր հայտնի խաղացողների ներգրավմանը հայկական շուկա՝ ընդհուպ Amazon-ի նման ընկերությունների, բարձրացնելով Հայաստանի դերը համաշխարհային լոգիստիկ քարտեզում», – նշեց e-Logi Fest-ի տնօրեն Քրիստինե Երեմյանը։

e-Logi Fest25-ը գալիս է Հայաստանում ձևավորելու ժամանակակից լոգիստիկ միջավայր

Միջոցառման կարևորագույն առանձնահատկությունը e-Logi Fest-ի միջազգային բնույթն է՝ մասնակիցների, խոսնակների և հյուրերի աննախադեպ ներգրավվածությամբ։ Այն կազմակերպում է Event x Expo Group-ը։

e-Logi Fest25-ի 3 հիմնական կոմպոնենտները

e-Logi Fest-ի շրջանակում տեղի կունենա կոնֆերանս, ցուցահանդես և հեքեթոն, որի ընթացքում բեռնափոխադրումների, առաքումների, պահեստավորման և էլեկտրոնային առևտրի նորարարական լուծումների առաջատարները՝ փորձ և գաղափարներ փոխանակելով, մրցակցելով և փոխգործակցելով, կկերտեն Հայաստանի լոգիստիկ ապագան։

Առաջինը՝ միջազգային համաժողովն է, որի ընթացքում կքննարկվեն մի շարք հիմնարար հարցեր՝ լոգիստիկ և էլեկտրոնային առևտրի ոլորտների վերաբերյալ։ Համաժողովին կմասնակցեն միջազգային տարբեր կազմակերպությունների, առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այս ոլորտները ներկայացնող հայաստանյան բիզնեսների ներկայացուցիչներ, ոլորտները համակարգող պետական կառույցներ։

2-րդ կոմպոնենտը՝ ցուցահանդեսն է։ Ցուցահանդեսի ժամանակ մասնակից ընկերություններն իրենց տաղավարներում կներկայացնեն լուծումներ՝ թե՛ լոգիստիկ, թե՛ էլեկտրոնային առևտրի ոլորտում։ Տաղավարի մասնակիցների մեջ ներառված են նաև հարակից տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերությունները։

3-րդ կոմպոնենտը՝ հեքեթոնն է։ Հեքեթոնը կլինի մրցույթ, որին կմասնակցեն հայկական տարբեր տեխնոլոգիական ընկերություններից ձևավորված թիմեր, ովքեր 24 ժամվա ընթացքում կփորձեն ստեղծել լուծումներ՝ ուղղված անօդաչու թռչող սարքերով առաքումներ իրականացնելուն։ Տեխնոլոգիական լուծումներ առաջարկող այս ընկերությունները կունենան հաղթող թիմեր և կստանան դրամական մրցանակներ։

ԱՏՁՄ-ի հետ կնքվեց հուշագիր

e-Logi Fest25-ը կարևոր հայեցակարգ է նաև տեխնոլոգիական համայնքի համար։ Այդ իսկ պատճառով միջոցառմանը միացել է նաև Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն (ԱՏՁՄ)՝ իր ամբողջ ռեսուրսով, համայնքի մոտ 250 ընկերությունների ներգրավվածությամբ։

e-Logi Fest25-ը գալիս է Հայաստանում ձևավորելու ժամանակակից լոգիստիկ միջավայր

Միջոցառման ընթացքում ԱՏՁՄ-ի և e-Logi Fest25-ի միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված լոգիստիկ և տեխնոլոգիական համայնքների փոխգործակցության խորացմանը։

«Նպատակը շատ վեհ է ու բարձր։ ԱՏՁՄ-ն ի սկզբանե ստեղծվել է Հայաստանը զարգացնելու նպատակով՝ ոչ միայն տեխնոլոգիական, այլև կրթական և շատ ուրիշ բաղադրիչներով։ Մենք միացել ենք այս միջոցառմանը, քանի որ այս ուղղությունը ևս վերաբերում է Հայաստանին։ Տեխնոլոգիական ոլորտն ուղղահայաց չէ, հորիզոնական է և տեղ ունի ամեն ինչում՝ այդ թվում լոգիստիկ բիզնեսների օգտագործման մեջ՝ սկսած ծրագրային ապահովումներից, ամպային լուծումներից, տեխնիկաներից, որոնք նույնպես տեխնոլոգիաներ են օգտագործում։ Այսինքն՝ այստեղ հենց հենքը նրանում է, որ տեխնոլոգիան, որպես ոլորտ, բոլոր ոլորտների հորիզոնական բաղկացուցիչ մասն է կազմում», – նշեց ԱՏՁՄ միջոցառումների ղեկավար Խաչատուր Հակոբյանը։

Միջոցառման կազմակերպիչների համար կարևոր է ապացուցելը, որ, չնայած Հայաստանն իր աշխարհագրական դիրքից և աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով բարդությունների է հանդիպում, սակայն ունի մեծ պոտենցիալ վերականգնելու նախկինում ունեցած դերը տարածաշրջանի և միջազգային լոգիստիկայի ու առևտրի ոլորտներում։

«Այս պատճառով էլ մեր համաժողովում հրավիրյալ խոսնակներ ունենք միջազգային կազմակերպություններից, արտերկրից, ովքեր գալիս են ծանոթանալու այս գաղափարին։ Միջոցառումը մեր կողմից ձևավորվել է նաև մեր միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում, և նրանք նույնպես կիսում են մեր կարծիքն ու տեսնում Հայաստանի պոտենցիալը», – նշեց e-Logi Fest-ի տնօրեն Քրիստինե Երեմյանը։

Ի՞նչ խնդիր է լուծում e-Logi Fest-ը

Քրիստինե Երեմյանի խոսքով՝ օրինակ, Դուբայից Հայաստան ուղարկվող բեռները շատ ավելի մեծ ծախսեր են պահանջում, քան Չինաստանից Դուբայ ուղարկվողը, ինչն աշխարհագրական տեսանկյունից շատ ավելի մեծ ճանապարհ է իրենից ներկայացնում։ Այս խնդիրների լուծմանն է ուղղված e-Logi Fest-ը, որպեսզի ոլորտի համար ստեղծի հարթակ, որտեղ հնարավոր կլինի՝ թե՛ միջազգային ու տեղական իշխանությունների մասնակցությամբ, թե՛ գործող ընկերությունների, խոշոր խաղացողների ներկայությամբ, ստեղծել նոր համագործակցություններ, նոր գործընկերային կապեր, դեպի Հայաստան նոր ներդրումների ներգրավում և ստեղծել ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան նվազեցնել Հայաստան եկող առաքումների ժամկետներն ու դրանց գները։

e-Logi Fest25-ը գալիս է Հայաստանում ձևավորելու ժամանակակից լոգիստիկ միջավայր

Խաչատուր Հակոբյանն իր հերթին կարևորեց նաև Հայաստանից դուրս արտահանումների հարցը, որի լուծումներին է նաև ուղղված այս միջոցառումը, մասնավորապես՝ շահագրգռելով Հայաստանից շատ ավելի մեծ ծավալներով արտահանումներ կատարելուն, քան այժմ է։

«Պետք չէ լինել շատ լուրջ տնտեսագետ՝ հասկանալու համար, որ փոքր երկրում, որը արտադրողականության տեսանկյունից շատ մրցունակ չէ, կարևոր է, որ ներքին արտադրողը, ինչ էլ որ ինքը արտադրի, հեշտությամբ ու արագ կարողանա դուրս տանել այն։ Տեխնոլոգիական ոլորտում դա հնարավոր է ու ավելի հեշտ, քան ֆիզիկական ապրանքների դեպքում։ Պրոցեսներ կան, որոնք հայ արտադրողներին կամ արտադրող-վաճառողներին խոչընդոտում են, որպեսզի մեծ ծավալով և մեծ շուկաներ դուրս գան։ Մեր նպատակներից հերթականը հենց դա է, որ հարթակը իրենից ներկայացնի միջազգային և տեղական շուկայի գործող ընկերությունների բազմատեսակ առաջարկներ, և հենց այդ առաջարկների միջոցով հայ արտադրողները կարողանան ամենաարդյունավետ տարբերակներով արտահանել և վաճառքը կազմակերպել», – նշեց նա՝ հավելելով, որ լոգիստիկայի և տեխնոլոգիական համայնքների մեջ շատ ավելի լայն համագործակցություն ստեղծելը կարևոր դեր կխաղա այս հարցում։

Նշենք, որ հեքեթոնին կմասնակցեն նաև ԱՏՁՄ նախագծերից բոլորին հայտնի «Արմաթ» ծրագրի սաները՝ տարբեր թիմերով։

Ե՞րբ, որտե՞ղ 

e-Logi Fest -ը տեղի կունենա՝ մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին, ժամը 10։00- 17։00-ին՝ Մերիդիան Էոսպո ԿԵնտրոնում։

EXPO-ի մուտքն ազատ է, սակայն պետք է գրանցվել այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները