Համաշխարհային աշխատաշուկան արագորեն փոփոխվում է՝ պայմանավորված տեխնոլոգիաների, արհեստական բանականության և ավտոմատացման առաջընթացով։ World Economic Forum-ի «The Future of Jobs» 2025 թվականի զեկույցի համաձայն՝ մինչև 2030 թվականը որոշ մասնագիտություններ ասպարեզից դուրս կգան, որոշները՝ կհայտնվեն։
Փոստային ծառայության, բանկերում դրամարկղերի աշխատակիցների և տվյալների մուտքագրողների մասնագիտություններն ամենից արագն են անկում ապրում։ Դրանց փոխարինելու են գալիս ավտոմատացված համակարգեր, որոնց շնորհիվ ֆինանսական և վարչական ոլորտներում նախկինում մարդկային ուժ պահանջող աշխատանքները կատարվելու են տեխնոլոգիաների միջոցով։ Մարդկային ներգրավածությունը նվազում է նաև տվյալների մշակման, փաստաթղթավորման և նույնիսկ սպասարկման ոլորտներում՝ իրենց տեղը զիջելով մեծամասամբ արհեստական բանականությանը։
Արագ աճող մասնագիտությունների թվում են արհեստական բանականության մասնագետները, ֆինանսական տեխնոլոգիաների (FinTech) ինժեներները, տվյալների վերլուծաբանները և ծրագրավորողները։ Պահանջարկը պայմանավորված է բիզնեսի ավտոմատացման ու տվյալների հավաքագրման ավտոմատացման գլոբալ միտումներով։
Ինֆորմացիայի անվտանգությունը նույնպես դառնում է առանցքային ուղղություն, որի պատճառով կիբերանվտանգության մասնագետների և ցանցային ինժեներների պահանջարկը կայուն աճում է։
Աշխատաշուկայի սանդղակում վերելք են ապրում մարդկային հմտությունները, որոնք անկյունաքարային են դառնում տեխնոլոգիական հեղաշրջման ժամանակաշրջանում: Անալիտիկ մտածողությունը, ադապտիվ ունակությունները և առաջնորդությունը՝ ահա այն գլխավոր կարողությունները, որոնք աշխատաշուկան դիտարկում է որպես ապագայի մրցունակության գրավական:
Հաշվի առնելով թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության անդադրում առաջընթացը, գործատուները գնահատում են աշխատողների ճկունությունը և նորարարական մտածելակերպը: Տեխնոլոգիական իմացությունը և AI-ի հետ աշխատելու կարողությունը վերածվում են մասնագիտական անձնագրի կարևոր բաղադրիչի:
Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն տեխնիկական հմտություններին, այլ նաև այն կարողություններին, որոնք թույլ են տալիս արագ կողմնորոշվել փոփոխվող իրականության մեջ և ստեղծել նորարարական լուծումներ: