Հայաստանում 19-րդ տարին անընդմեջ կանցկացվի տարածաշրջանի ամենածավալուն տեխնոլոգիական DigiTec 2024 ցուցահանդեսը։ Այս տարի ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 4-6-ին:
Այս տարի ևս հանրությունը հնարավորություն կունենա մեկ հարթակում տեսնել և ծանոթանալ տեխնոլոգիական ընկերություններին ու նրանց զարգացումներին։ DigiTec 2024-ին ներկայանալու են մի շարք հայտնի և առաջին անգամ ներկայացող նոր տեխնոլոգիական ընկերություններ՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներից։
Բացի այդ, այս տարի ցուցահանդեսը բաց է բոլոր ոլորտների նորարար ընկերությունների համար։ Այցելուները կծանոթանան ՏՏ աշխարհի ամենաթարմ զարգացումներին և խնդիր լուծող տեխնոլոգիաներին:
Այս տարի ևս ցուցահանդեսի կազմակերպիչները խրախուսում են սկսնակ և փոքր թիմերի մասնակցությունը. ԱՏՁՄ-ի (Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության) կողմից առկա է լինելու մինչև 100% հովանավորչություն նման ընկերությունների մասնակցության համար։
Այցելուների համար ցուցահանդեսը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կլինի անվճար, կներդրվի պարտադիր գրանցում, որը կիրականացվի ցուցահանդեսի պաշտոնական կայքում։
DigiTec ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն իրականացվում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) կողմից 2005 թվականից ի վեր՝ իր հովանու ներքո համախմբելով և արտացոլելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։
Վերջին տարիներին ներկայանում են նաև ընկերություններ հարևան երկրներից, քանի որ այն հանդիսանում է ամենախոշոր տեխնոլոգիական հարթակը տարածաշրջանում։ Ցուցահանդեսը տարիներ շարունակ համախմբում և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: