Կրիպտոարժույթների շուկան հսկայական անկում է արձանագրել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված նոր մաքսատուրքերի:
Շուկայի առաջատար Bitcoin-ը հասել է վերջին երեք շաբաթվա ամենացածր մակարդակին՝ նվազելով մինչև $91,441.89 և գրանցելով 6.2% անկում: Ethereum-ի դիրքերն առավել խոցելի են եղել․ վերջին երեք օրում կորցրել է իր արժեքի մոտ 25%-ը, ինչը 2022թ. նոյեմբերից ի վեր ամենամեծ անկումն է: Առաջատար 100 կրիպտոարժույթներից յուրաքանչյուր չորրորդը վերջին 24 ժամում կորցրել է իր արժեքի 20% և ավելին: Coinbase բորսայի բաժնետոմսերը նույնպես տուժել են՝ նախաշուկայական առևտրում գրանցելով 5.5% անկում:՝
Շուկայի անկումը պայմանավորված է Թրամփի վարչակազմի կողմից հայտարարված նոր մաքսատուրքերով, որոնք ներառում են 25% մաքսատուրք Մեքսիկայից և Կանադայից ներմուծման վրա, ինչպես նաև 10% մաքսատուրք Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա:
Չնայած ներկա անկայունությանը, մասնագետները դրական են գնահատում երկարաժամկետ հեռանկարները: Շուկայի մասնակիցները հույս ունեն, որ Թրամփի վարչակազմի կրիպտոարժույթների ուղղությամբ բարյացակամ քաղաքականությունը կնպաստի ոլորտի հետագա զարգացմանը:
Նախագահ Թրամփը, ով նախկինում քննադատաբար էր արտահայտվել կրիպտոարժույթների մասին, վերջերս հայտարարել է ԱՄՆ-ը «մոլորակի կրիպտո մայրաքաղաք» դարձնելու իր մտադրության մասին: