Վարկառուների թիվը, տոկոսադրույքը, կառուցվածքը. Ի՞նչ վիճակում է վարկային շուկան Հայաստանում

Վերջին լուրերը
Վարկառուների թիվը, տոկոսադրույքը, կառուցվածքը. Ի՞նչ վիճակում է վարկային շուկան Հայաստանում
Մերի Խաչատրյան
Ինչո՞վ պետք է զբաղվի ֆինանսիստը, ում մոտ նաև գրելն է ստացվում։ Բարդ մաթեմատիկական հաշվարկից հետո հասկացա, որ պատասխանը ֆինանսական լրագրությունն է ու այժմ երջանիկ եմ։

ՀՀ բանկային համակարգի վերջին տարիների վերելքի ստվերում բավականին հետաքրքիր զարգացումներ է ապրում նաև վարկային համակարգը։

Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2024 թվականի սեպտեմբերին վարկառուների ընդհանուր թիվը կազմել է 862,202, իսկ դեկտեմբերին այն հասել է 878,667, իսկ 2025 թվականի հունվարի դրությամբ 883,538: Բանկային համակարգի վարկային պորտֆելի աճը ձևավորվել է ինչպես տնային տնտեսություններին, այնպես էլ բիզնեսին տրամադրված վարկերի ընդլայնման արդյունքում։ 

Տնտեսությանը տրամադրված վարկերի աճն ուղեկցվել է Հայաստանի բարձր տնտեսական աճով, ինչի հետևանքով տնտեսության պարտքային բեռի և վարկային ռիսկերի զգալի ավելացում չի արձանագրվել։ Բացառություն է կազմել հիփոթեքային վարկավորման ոլորտը, որտեղ շարունակում են պահպանվել նախորդ տարիներին նկատված գերտաքացման միտումները։

Վարկային ընդհանուր պորտֆելի կառուցվածքը

Վարկային պորտֆելի կառուցվածքային վերլուծությունը ցույց է տալիս, որ ֆիզիկական անձինք շարունակում են մնալ շուկայի հիմնական շահառուները՝ կազմելով ընդհանուր վարկառուների 62%-ը՝ 883,538 մարդ: Այսինքն, ՀՀ բնակչության շուրջ 30%-ը վարկ ունի:

Հետաքրքիր է, որ Հայաստանում կին վարկառուների թիվը գերազանցում է տղամարդկանց թվին: Սեռային բաշխվածությամբ՝ 449,218 վարկառու կին է, իսկ 434,320-ը՝ տղամարդ: Անհատների ֆինանսական ներգրավվածության մակարդակը բարձր է, ինչը մի կողմից խթանում է սպառողական ակտիվությունը, մյուս կողմից էլ կարող է հանգեցնել գերվարկավորման ռիսկերի: 

Ուշադրության արժանի է հիփոթեքային վարկերի քանակի աճը 2024 թվականի ընթացքում, հատկապես վերջին եռամսյակում, որի ընթացքում նման վարկերի քանակն ավելացել է շուրջ 3000-ով: Ընդհանուր առմամբ, Հայաստանում ավելի քան 77,760 անձ ունի հիփոթեքային վարկ:

Փոքր և միջին ձեռնարկությունները կազմում են վարկառուների 25%-ը․ ՓՄՁ-ները ստիպված են օգտագործել բանկային վարկերը՝ որպես զարգացման գլխավոր գործիք: Կորպորատիվ վարկառուների տեսակարար կշիռը համեմատաբար փոքր է՝ 13%։

Վարկառուների թիվը, տոկոսադրույքը, կառուցվածքը. Ի՞նչ վիճակում է վարկային շուկան Հայաստանում

ՀՀ բանկերից և վարկային կազմակերպություններից վարկեր ստացած ռեզիդենտ ֆիզիկական անձանց (այդ թվում անհատ ձեռնարկատերերի) քանակներ՝ ըստ ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրի տվյալների

Տոկոսադրույքների դինամիկան ցույց է տալիս շուկայի հետաքրքիր օրինաչափություններ: Վերջին հինգ տարիներին գրանցվել է դրանց աստիճանական նվազում՝ տարեկան միջինը 0.5-0.8%-ով: Այսպես, 2023-2024 թվականներին սպառողական վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 12.5%, հիփոթեքային վարկերինը՝ 9.2%, ՓՄՁ վարկերինը՝ 10.8%, իսկ կորպորատիվ վարկերինը՝ 7.5%: 

Վարկառուների թիվը, տոկոսադրույքը, կառուցվածքը. Ի՞նչ վիճակում է վարկային շուկան Հայաստանում

Տոկոսադրույքների նվազումը պայմանավորված է ոչ միայն բանկերի միջև աճող մրցակցությամբ, այլև Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությամբ, որը միտված է եղել տնտեսական աճը խթանելուն:

Խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռը ընդհանուրում

Վարկային շուկայի մեկ այլ կարևոր միտում է դասակարգված (անհուսալի) վարկերի մակարդակի աճը: 2019 թվականի 7.5%-ից այս ցուցանիշը բարձրացել է՝ 2022-ին հասնելով 10.2%-ի: 

Համաձայն Կենտրոնական բանկի տվյալների՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341 հազար, իսկ նրանց ընդհանուր վարկային բեռը հասել է շուրջ 642 միլիարդ դրամի: 

Մտահոգիչ է, որ 2023-ի ապրիլի դրությամբ այդ բեռը կազմել էր 525 միլիարդ դրամ, ինչը նշանակում է, որ ընդամենը մեկուկես տարվա ընթացքում այն ավելացել է ավելի քան 100 միլիարդ դրամով: Կառավարության ծրագրով 2025 թվականի փետրվարի 1-ից գործարկվել է  միջոցառում, որի շրջանակում շահառու կարող են դառնալ առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող այն անձինք, ում վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր է 1 մլն դրամից: Այս նախաձեռնությունը միտված է ֆորմալ զբաղվածության խթանմանը, քանի որ շահառուների աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը կուղղվի վարկի մարմանը: Պետք է նշել, որ անհուսալի վարկերի աճը հատկապես մեծ է սպառողական և ՓՄՁ վարկերի սեգմենտում։

Ուշագրավ է, որ Հայաստանի վարկային շուկայում առկա է զգալի տարածաշրջանային անհամաչափություն․ վարկառուների մոտ 70%-ը կենտրոնացած է մայրաքաղաքում։ Մարզերում վարկավորումը հիմնականում կենտրոնացած է գյուղատնտեսական ոլորտում և փոքր բիզնեսի ֆինանսավորման վրա, սակայն դրանց ծավալները դեռևս զգալիորեն զիջում են Երևանի ցուցանիշներին:

Վարկային պորտֆելի բովանդակային կառուցվածքում գերակշռում են սպառողական վարկերը՝ 40%: Հիփոթեքային վարկերը կազմում են ընդհանուր պորտֆելի 22%-ը: Բիզնես վարկերը, չնայած իրենց կարևորությանը տնտեսական զարգացման համար, կազմում են ընդամենը 28%, որից կարելի է եզրակացնել, որ ձեռնարկատիրական ակտիվությունը դեռևս չի հասել իր լիարժեք ներուժին:

Վերջին հինգ տարիներին վարկային պորտֆելը միջինում տարեկան աճել է 10-12%-ով: 

Վարկառուների թիվը, տոկոսադրույքը, կառուցվածքը. Ի՞նչ վիճակում է վարկային շուկան Հայաստանում
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները