Մրցել համաշխարհային հարթակների հետ՝ Հայաստանից․ Zegashop

Վերջին լուրերը
Մրցել համաշխարհային հարթակների հետ՝ Հայաստանից․ Zegashop
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Աշխարհում առցանց առևտուրը շարունակում է զարգանալ տպավորիչ արագությամբ, և հայկական Zegashop-ը պատրաստ է բիզնեսներին տալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար։ Երեքամյա այս ստարտափը ոչ միայն վեբ կայքերի պատրաստման հարթակ է, այլև տրամադրում է համապարփակ գործիքներ՝ որոնողական առաջխաղացման, թվային մարքեթինգի և օնլայն վաճառքի ռազմավարությունների համար՝ միավորելով այս երեք կարևոր ուղղությունները մեկ տեղում։

How2B-ի հետ զրույցում ստարտափի հիմնադիր Արթուր Մնացականյանը պատմեց, թե ինչպես է Zegashop-ը փորձում ոտք մեկնել օնլայն առևտրի ոլորտի համաշխարհային հարթակների հետ։

Արթուր, ի՞նչ ծառայություններ է մատուցում  Zegashop-ը, և ի՞նչ ոլորտի ընկերություններ են դիմում ձեզ։

— Zegashop-ը ստարտափ է, որն օգնում է բիզնեսներին ստեղծել և զարգացնել իրենց օնլայն խանութները։ Այն վեբ կայքի պատրաստման գործիք է, որը տրամադրում է աճի ռազմավարություն, օգնում է որոնողական համակարգերում ավելի բարձր դիրք գրավել և մեծացնում է relevant traffic-ը։
Մենք փորձում ենք կազմակերպությունների երեք տարբեր գործողություններ համադրել մեկ տեղում, այսինքն՝ կայքի պատրաստման պրոցեսը, SEO գործակալությունների manual աշխատանքը, որոնք զբաղվում են որոնողական համակարգերի օպտիմիզացիայով, և Digital Marketing-ով զբաղվող ընկերությունների manual գործունեությունը։ Այս ամենը հավաքագրում ենք մեկ հարթակում ու տրամադրում մեր հաճախորդներին։ Մենք համագործակցում ենք շինարարական, դեղագործական և մի շարք այլ ոլորտի ընկերությունների հետ։

Ի՞նչով է Zegashop-ն առանձնացնում հայկական և միջազգային շուկայում առկա այլ էլեկտրոնային հարթակներից։

— Առաջինը, ինչով մենք տարբերվում ենք, մեր օպտիմիզացիան է, որը նպաստում է վեբ կայքի դիրքի բարձրացմանը որոնողական համակարգերում։ Որոնողական համակարգերն ունեն հատուկ մետրիկաներ՝ Google-ի կողմից պատրաստված գործիքներ, որոնք չափում են կայքի արագությունը։ Եթե այդ արագությունը սահմանված մետրիկաներից ցածր է, ապա բիզնեսի զարգացման հնարավորություններն էլ նվազում են։ Կարելի է ասել, որ Zegashop-ը նախ և առաջ առաջատար է հենց իր արագությամբ և այս մետրիկաներով։ Երկրորդ առավելությունը շուկայի ուսումնասիրության գործիքներն են։ Այն, ինչ սովորաբար կատարում են SEO գործակալություններն ու մարքեթինգային ընկերությունները, մենք արդեն տրամադրում ենք մեր հարթակի շրջանակում։

Մրցել համաշխարհային հարթակների հետ՝ Հայաստանից․ Zegashop

Zegashop-ը ստեղծելիս՝ ինչպե՞ս հասկացաք, որ կայքերի որոնողական համակարգերի օպտիմիզացիայի վրա է պետք կենտրոնանալ։

— Ես 11 տարի գործող outsource անող ընկերություն ունեմ՝ Fidem ընկերությունը, որի հաճախորդների միայն 5 տոկոսն է Հայաստանից, իսկ մնացածը՝ դրսից։ Մենք մեր գործունեության մոտ 40-50 տոկոսը ուղղում էինք վեբ կայքերի օպտիմիզացիային՝ կայքի արագության, կատարողականության և SEO-ի (որոնողական համակարգերի օպտիմիզացիայի) վրա։ Սակայն տարիներ շարունակ, այս նույն կրկնվող գործողություններն անելով, օգտագործելով թե՛ Shopify-ը, թե՛ WordPress-ը և աշխարհում հայտնի այլ պլատֆորմներ, չէինք կարողանում դրանց վրա ստանալ օպտիմիզացիաները՝ ամենաբարձր մակարդակով։ Այսպիսով, ես որոշեցի ստեղծել մի պլատֆորմ, որը կտա ամենաբարձր ցուցանիշները, և այսօր արդեն Zegashop-ը ունի օպտիմիզացիայի ամենաբարձր մակարդակը, որով մենք կարողանում ենք մրցել աշխարհի ցանկացած պլատֆորմի հետ։

Որո՞նք են Zegashop-ի երկարաժամկետ նպատակներն ու զարգացման ծրագրերը։

— Մեր նպատակը ապահովելն է մեր գործընկերներին հնարավորինս շատ գումար աշխատել՝ օգտագործելով մեր հարթակն իրենց հաճախորդների համար։ Zegashop-ը մշակում է նոր գործընկերային ծրագիր, որը նախատեսված է թվային մարքեթինգի, որոնողական առաջխաղացման և վեբ ծրագրավորման ընկերությունների համար։ Այս ծրագիրը նրանց հնարավորություն է տալիս ոչ միայն առաջարկել հաճախորդներին ավելի արդյունավետ e-commerce լուծումներ, այլև ստանալ մինչև 51% կոմիսիոն վճար՝ յուրաքանչյուր ներգրավված բիզնեսից։

Ինչպե՞ս եք գնահատում հայկական էլեկտրոնային առևտրի զարգացումը։

— Հայաստանում էլեկտրոնային առևտուրը մինչև COVID-19-ը բավականին թույլ էր, չնայած ամեն տարի որոշակի աճ գրանցվում էր։ Սակայն, 2020-ից սկսած, ոլորտը զգալի վերելք ապրեց, և 2023թ-ի ավարտին թվային առևտրի ոլորտն ավելի կայուն ու զարգացած տեսք ուներ։ Այնուամենայնիվ, 2023-2024 թվականներին տեմպը փոքր-ինչ նվազեց, քանի որ մարդիկ կրկին սկսեցին նախընտրել օֆլայն գնումները։  Այժմ՝ 2024 թվականից հետո, կարելի է ասել, որ էլեկտրոնային առևտրի զարգացման միտումը կրկին վերելք է ապրում։ Մոբայլ առևտուրն անընդհատ աճում է․ եթե երկու տարի առաջ օգտատերերի 70%-ը գնումներն իրականացնում էր բջջային հավելվածներով, ապա այժմ այդ թիվը հասել է 80%-ի։ Հայաստանում, իհարկե, ավելի փոքր շուկա է, բայց ընդհանուր առմամբ աճի միտումներն ակնհայտ են, և մարդիկ օրեցօր ավելի մեծ վստահությամբ են օգտվում օնլայն առևտրից։

Մրցել համաշխարհային հարթակների հետ՝ Հայաստանից․ Zegashop

Հայաստանում ոլորտում առաջընթաց կա, բայց միանշանակ կան նաև խնդիրներ ու մարտահրավերներ։ Կխոսե՞ք դրանց մասին։

— Վերջին տարիներին մարկետփլեյսները մեծ ազդեցություն ունեցան շուկայում․ սկզբում նրանք հաճախորդներ գրավեցին ցածր գներով, ինչի հետևանքով շատ բիզնեսներ նույնիսկ իրենց վեբկայքերը լքեցին ու տեղափոխվեցին այդ հարթակներ։ Սակայն, ժամանակի ընթացքում իրավիճակը փոխվեց, և այժմ մարկետփլեյսների գները հաճախ ավելի բարձր են, քան տեղական շուկայում։ Այդ փոփոխությունները հատկապես ազդեցին օֆլայն շուկայի վրա, որը զգալի կորուստներ ունեցավ։ Մյուս կարևոր միտումն այն է, որ այժմ մարդիկ այլևս պատրաստ չեն ամիսներ սպասել լուծումներ ստանալու համար։ Աշխատանքային շատ պրոցեսներ ավտոմատացվում են, ինչը մեծացնում է արագությունն ու արդյունավետությունը։ Եթե տարիներ առաջ կայք ստեղծելը կարող էր արժենալ միլիոնավոր դրամներ և տևել ամիսներ, ապա այժմ նույն որակի վեբկայքը կարելի է ստանալ ընդամենը մի քանի օրում՝ զգալիորեն ցածր ծախսերով։ Հայաստանի էլեկտրոնային առևտրի շուկայում դեռ կա մեծ ներուժ, և այն շարունակում է զարգանալ։ Հիմնական մարտահրավերն այն է, որ բիզնեսները պետք է արագ հարմարվեն նոր պայմաններին, առաջարկեն արդյունավետ ու ժամանակակից լուծումներ, և հենց այդպիսի արագ ու որակյալ լուծումներ առաջարկող ընկերություններից մեկն էլ մերն է։

Ի՞նչ խորհուրդ կտաք նոր սկսող ստարտափներին հաջողելու համար

— Նրանք նախ պետք է հասկանան, թե ստարտափը իրականում ինչ խնդիր է լուծում։ Պարզելու լավագույն ձևը 50-100 պոտենցիալ հաճախորդի հետ խոսելն է։ Եթե նրանք խնդիրը հաստատում են ու հետաքրքրվում լուծումով, ապա ժամանակն է սկսել։
Մյուս կարևոր կետերից մեկը չհանձնվելն է։ Եթե դու հանձնվում ես, քո թիմը չի կարող քեզ առաջնորդ համարել։ Պետք է լինել հասուն և պատրաստ առաջնորդելու։ Ստարտափի հաջողությունը կախված է քո և թիմիդ պատրաստվածությունից, գիտելիքից ու աշխատասիրությունից։ Պետք է նաև հետևողականորեն սովորել և ուսումնասիրել շուկան, որպեսզի մնաս թրենդի մեջ։
Կարևոր է նաև չսպասել անպայման մի նոր բան ստեղծելու պահին։ Աշխարհում շատ քիչ բաներ են իսկապես նոր։ Եթե գաղափարդ շուկայում դեռ նորություն է, հնարավոր է, որ դրա պահանջարկը դեռ ձևավորված չէ։ Իսկ, եթե այն արդեն գոյություն ունի, ուրեմն կա շուկա և դու կարող ես առաջարկել ավելի լավ լուծումներ դրա համար։ Պետք է արագ գործել ու աճել։ Շուկան արագ է փոխվում, պետք է պատրաստ լինես, որ, եթե ստարտափդ հաջողվի, մեծ ընկերությունները կարող են կրկնօրինակել այն։ Հայաստանում աշխատելով՝ պետք է հաշվի առնել, որ միջազգային ընկերությունները միլիոներ են ներդնելու շուկայում՝ քեզ շրջանցելու համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները