Coca-Cola-ն ԱՄՆ-ում փոխում է բաղադրատոմսը՝ նախագահ Թրամփի խնդրանքով

Վերջին լուրերը
Coca-Cola-ն ԱՄՆ-ում փոխում է բաղադրատոմսը՝ նախագահ Թրամփի խնդրանքով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Coca-Cola ընկերությունը համաձայնվել է փոխել գազավորված ըմպելիքի բաղադրատոմսը՝ ԱՄՆ շուկայում եգիպտացորենի օշարակի փոխարեն օգտագործելով շաքարեղեգից ստացված բնական շաքար։

«Ես քննարկել եմ Coca-Cola-ի հետ ԱՄՆ-ում կոլայի բաղադրատոմսում իսկական շաքարեղեգի շաքարի կիրառման հնարավորությունը, և նրանք համաձայնվել են։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Coca-Cola-ի բոլոր ղեկավարներին։ Սա նրանց կողմից շատ լավ քայլ կլինի՝ կտեսնեք։ Այսպես ամեն ինչ ավելի լավ կլինի», — գրել է Թրամփը Truth սոցիալական հարթակում՝ հուլիսի 16-ին։

Coca-Cola-ն պաշտոնապես չի հաստատել բաղադրության փոփոխությունը, սակայն նույն օրը ընկերությունն իր կայքում հրապարակել է հայտարարություն, որտեղ ասվում է․ «Մենք հիացած ենք նախագահ Թրամփի ոգևորությամբ մեր լեգենդար Coca-Cola բրենդի նկատմամբ։ Մեր ապրանքատեսականու նորարարական առաջարկների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի մոտ ժամանակում»։

Այսօր ԱՄՆ-ում գազավորված ըմպելիքների հիմնական մասում կիրառվում է բարձր ֆրուկտոզայով եգիպտացորենի օշարակ՝ HFCS, որը մատչելի է շնորհիվ պետական սուբսիդիաների։ Թրամփի նախաձեռնությունը համընկնում է Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերի գլխավորած առողջ սննդի քաղաքականության հետ, որն ուղղված է սննդամթերքներում քիմիական հավելումների և արհեստական բաղադրիչների կրճատմանը։

Միաժամանակ, ԱՄՆ Եգիպտացորենի վերամշակողների ասոցիացիան կտրուկ քննադատել է փոփոխությունը՝ պնդելով, որ այն կվնասի տեղական արտադրողներին և կբերի գների աճի՝ առանց որևէ նշանակալի առողջապահական օգուտի։ Սննդաբաններն էլ նշում են, որ շաքարեղեգի շաքարը և եգիպտացորենի օշարակը գրեթե նույն ազդեցությունն ունեն մարդու օրգանիզմի վրա։

Նման բաղադրությունը Coca-Cola-ն արդեն օգտագործում է մի շարք այլ երկրներում՝ ներառյալ Մեքսիկան, որտեղ «Mexican Coke»-ը հայտնի է իր «ավանդական» համով։ ԱՄՆ սպառողների շրջանում նման փոփոխությունը կարող է դրական ընդունվել, սակայն դեռ պարզ չէ՝ արդյո՞ք Coca-Cola-ն իրականում կկատարի այդ փոփոխությունը և ի՞նչ ծավալով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները