Երկրորդ տարին անընդմեջ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) շրջանավարտների համար նախաձեռնել է սթարթափ ինկուբացիոն ծրագիր, որն այս տարի կիրականացվի հայ-ֆրանսիական բիզնես աքսելերատոր StartDoon-ի հետ գործակցությամբ: Ծրագիրը կյանքի է կոչվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան), ինչպես նաև Zark նվիրատվությունների և Healthbird բժշկական ապահովագրության հավելվածների հովանավորությամբ:
Նախաձեռնության նպատակն է օգնել Հայաստանի գյուղաբնակ երիտասարդներին կյանքի կոչելու իրենց նորարարական ստարտափ գաղափարները կրթական տեխնոլոգիաների (EdTech), ֆինանսական տեխնոլոգիաների (FinTech), զբոսաշրջության, ագրարային տեխնոլոգիաների (Agritech) և կանաչ լուծումների (Green Solutions) ոլորտներում։
COAF-ի երևանյան գրասենյակում տեղի ունեցավ ծրագրի հանդիսավոր մեկնարկը, որտեղ ներկա էին վերջինիս շահառուները և գործընկերները: Միջոցառման ընթացքում ներկայացվեց այս տարվա ծրագիրը, որը բաղկացած կլինի 3 փուլից.
Առաջին նախաինկուբացիոն փուլով նախատեսվում է կազմակերպել 4-ամսյա դասընթացներ ավագ դպրոցի մոտ 150 աշակերտի համար ձեռնարկատիրական նախագծերին նախապատրաստվելու, նաև հետագա ստարտափ ինկուբացիոն փուլում նրանց մասնակցությունը դյուրացնելու նպատակով: Երկրորդ փուլում կընդգրկվեն COAF-ի 30 շրջանավարտ տարբեր մարզերից, որոնք կմասնակցեն ութշաբաթյա ինտենսիվ վերապատրաստման ծրագրին, հնարավորություն ստանալով վավերացնել տարբեր բիզնես գաղափարներ: Փուլը կավարտվի «փիչինգ» միջոցառմամբ, որի ընթացքում շրջանավարտներին կտրամադրվի 5-ական րոպե իրենց գաղափարները ստարտափ փորձագետներից և COAF-ի անձնակազմից կազմված ժյուրիին ներկայացնելու համար: Մրցույթի արդյունքում կընտրվեն երեք հաղթող ստարտափ, որոնց միջև կբաշխվի տասնհինգ հազար դոլարի ֆինանսավորումը, ինչը կուղղվի նրանց բիզնես նախաձեռնությունները սկսելուն: Ինկուբացիոն ծրագրի հաղթողներն իրենց տեղը կապահովեն նաև վերջին նախաաքսելերացիոն փուլում: Փուլը նախատեսված է շուկա դուրս գալու և աքսելերատորներին, ներդրումներին և եկամուտներին պատրաստվելու համար։
«Նախորդ տարվա պիլոտային ծրագրի արձանագրած հաջողությունը հերթական անգամ բացահայտեց Հայաստանի գյուղաբնակ երիտասարդների տաղանդն ու ներուժը: COAF-ի Շրջանավարտների ստարտափ ինկուբացիոն ծրագրի շնորհիվ երեք ստարտափ արդեն իսկ գտնվում են իրենց բնակավայրերում սեփական բիզնես սկսելու վաղ փուլում: COAF-ը շարունակում է սերմանել և խթանել քաղաքացիական պատասխանատվության մշակույթը՝ խրախուսելով երիտասարդ շահառուներին իրենց համայնքներում ստանձնելու նորարարության և առաջընթացի շարժիչ ուժի դերը»,- մեկնաբանեց COAF-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը:
Ծրագրի ամբողջ ընթացքում և դրանից հետո դիմորդներին կտրամադրվի ոլորտին առնչվող մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև շուկայի ռեսուրսների հասանելիություն, կապեր ստեղծելու հնարավորություններ և բիզնեսին վերաբերող համապարփակ դասընթացներ:
«Մարզերի կայուն զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը մեր բանկի ռազմավարական ուղղություններից մեկն է: Բարեկեցիկ կյանք ունենալու կարևոր նախապայմաններից է տեղում բնակվող երիտասարդների նախաձեռնողականությունը: Դա է պատճառը, որ մենք թե՛ ֆինանսապես և թե՛ մեր անմիջական մասնակցությամբ օժանդակում ենք այնպիսի ծրագրերին, որոնք հարթակ են ստեղծում մարզերում բնակվող երիտասարդների գիտելիքների ձեռքբերման և բիզնես գաղափարների իրագործման համար»,- նշեց HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։