«ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի Հայաստանում, եթե եկամտի ստացման երկրում վճարել են եկամտային հարկ» – տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի՝ «Արմենպրես»-ին տված մեկնաբանությունից:
ՊԵԿ-ի տարածած հայտարարությունում նշվում է, որ մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի տարածքից դուրս՝ աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացված եկամուտների հարկման հետ կապված կարգավորումների մասով։
«Օրենսդրական նոր նախաձեռնության համաձայն՝ ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվելու ՀՀ-ում: Նրանք ազատվելու են եկամտային հարկ վճարելու պարտավորությունից, եթե եկամուտները ստացվել են աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում։ Եթե ՊԵԿ-ն այլ պետությունների հարկային մարմիններից օրենքով սահմանված ժամանակահատվածի համար ստանա տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ քաղաքացին եկամտի ստացման երկրում վճարել է եկամտային հարկ, ապա լրացուցիչ հարկ վճարելու պարտավորություն Հայաստանի Հանրապետությունում չի առաջանա՝ անկախ այն հանգամանքից, թե եկամտային հարկի ինչ դրույքաչափով է քաղաքացին հարկվել եկամուտի ձեռքբերման երկրում:
Նախագիծը մոտ օրերս հանրային քննարկման կներկայացվի www.e-draft.am կայքում: ՊԵԿ-ը, մինչև համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումը, ձեռնպահ կմնա հարկային վարչարարություն իրականացնելուց` ներառյալ արգելադրում, գանձումներ և այլն: Իսկ ովքեր մինչ այս պահը ՊԵԿ-ից ստացել էին ծանուցումներ և պարտաճանաչորեն վճարել էին եկամտային հարկը՝ հետ կստանան վճարված գումարները: Նախագիծը նախատեսվում է լայնորեն քննարկել արտագնա աշխատողների հետ՝ մարզպետարանների և ՏԻՄ մարմինների միջոցով», -տեղեկացնում են կոմիտեից:
ՊԵԿ-ն ավելի վաղ ներկայացրած պարզաբանման մեջ նշում է, որ հաշվի առնելով ՀՀ ռեզիդենտների կողմից ՀՀ սահմաններից դուրս ստացված եկամուտների հարկման թեմայի վերաբերյալ հանրային քննարկումները, կոմիտեն պատրաստ է նախաձեռնել քննարկումներ գործող օրենսդրական կարգավորումների փոփոխությունների շուրջ։ Դրանց արդյունքում հնարավոր է նախատեսվեն գործող կարգավորումներից առանձնահատկություններ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած որոշ տեսակի եկամուտների հարկման մասով: Կոմիտեի մեկնաբանմամբ նման քննարկումներ արդեն վարվում են քաղաքականություն մշակող մարմնի հետ։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։