Չինական Logon Technology ընկերությունը ստեղծել է ռոբոտ-ոստիկան՝ օրինախախտներին հսկելու և, հարկ եղած ժամանակ, հետապնդելու համար, գրում է newatlas.com- ը։
Գնդաձև այս ռոբոտը կշռում է 125 կգ․ և 2,5 վայրկյանում կարողանում է զարգացնել 35 կմ/ժ արագություն՝ թե՛ ջրում, թե՛ ցամաքում։
Ռոբոտն ունակ է աշխատել ինչպես պարեկների կառավարմամբ, այնպես էլ ինքնուրույն։ Նա ունակ է շարժվել խորդուբորդ ճանապարհներով, դիմակայել անկմանը կես մետր բարձրությունից և գլորվել աստիճաններով (բայց ամենայն հավանականությամբ չի կարող բարձրանալ)։
Հանցագործի հանդիպելիս ռոբոտը նախազգուշական ազդանշաններ է տալիս և կարող է նույնիսկ արցունքաբեր գազ արտադրել, իսկ հանցագործին բռնում է նրա վրա ցանց շպրտելու միջոցով։
Ըստ մշակողի՝ ռոբոտը կարողանում է տարբերել խոչընդոտները մարդկանցից, որպեսզի չդիպչի պատահական անցորդների կամ առարկաների։