Ամերիկյան Synchron ընկերությունը, որը մշակում է ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսի (BCI) տեխնոլոգիաներ՝ կաթվածահար մարդկանց մոտ հենաշարժողական ֆունկցիաները վերականգնելու համար, հայտարարել է իր հարթակում OpenAI-ի գեներատիվ արհեստական ինտելեկտի համակարգի ինտեգրման մասին: Դա թույլ կտա ծանր հենաշարժողական խնդիր ունեցող հիվանդներին մտքի ուժով շփվել այլ մարդկանց հետ:
Նյարդային ինտերֆեյսում ներկառուցված չաթ բոտը կհեշտացնի հաղորդակցման գործընթացը օգտվողների համար: Համակարգը կարող է իրական ժամանակում տեքստային և աուդիո ձևաչափով ավտոմատ ակնարկներ ստեղծել՝ հաշվի առնելով օգտվողի հուզական վիճակը (համակարգն ընդունում է տեքստային, աուդիո և գրաֆիկական տվյալներ) և առաջարկել արտահայտությունների օպտիմալ տարբերակներ: Այսինքն՝ AI-ը կկարողանա կանխատեսել, թե ինչ կցանկանար ասել մարդը տվյալ իրավիճակում և առաջարկել բառերի կամ արտահայտությունների մի քանի տարբերակներ։
Ընկերությունն արդեն փորձարկել է տեխնոլոգիան հիվանդի վրա, ում նախկինում BCI (Brain-computer interface) էին տեղադրել: Մարկ անունով հիվանդը ամիոտրոֆիկ կողային սկլերոզով (ALS), ով անցյալ տարի ստացել է Synchron իմպլանտը, վերջին երկու ամիսների ընթացքում պարբերաբար փորձարկում է նոր AI չաթբոտի հնարավորությունը։ Նրա խոսքով՝ դա օգնում է իրեն խնայել թանկարժեք ժամանակն ու էներգիան սիրելիների հետ շփվելիս։ BCI-ի օգտագործումը պահանջում է կենտրոնացում և պրակտիկա, ուստի Մարկն ասում է, որ AI-ն օգնում է նվազեցնել հաղորդագրություններին արձագանքելու ճնշումը:
Synchron-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Թոմ Օքսլին ընդգծել է, որ համակարգն ըստ էության պահպանում է խոսքի ազատության և ինքնավարության մարդու հիմնարար իրավունքը։
Կարևոր է նշել, որ Synchron հարթակը չի փոխանցի մարդու ուղեղի ազդանշանները OpenAI սերվերին. օգտագործվում է ընկերության սեփական հարթակը AWS ամպային ծառայությունում:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: