2025 թ․ գարնանը CaseKey հավաքական թիմերը կներկայացնեն Հայաստանը բիզնես խնդիրների լուծման միանգամից երկու միջազգային մրցույթի։
Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես CaseKey-ի երիտասարդների մասնակցությունը միջազգային մրցույթներին կֆինանսավորի Բիբլոս Բանկ Արմենիան, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ հայաստանյան մրցույթի գլխավոր հովանավորն է։
Մրցույթները կանցկացվեն եվրոպական քաղաքներում։ Առաջինը Բուդապեշտի CUBE 2025-ն է, որը միավորելու է առաջատար համալսարաններ ամբողջ աշխարհից: Երկրորդը Բելգրադում կայանալիք BBICC 2025-ն է՝ առաջատար մրցույթ, որին մասնակցելու հրավեր են ստանում միայն աշխարհի լավագույն թիմերը։ Սերբիայի մրցույթն այս տարի անցկացվում է հոբելյանական է 10-րդ անգամ և գտնվում է բոլոր հեղինակավոր համալսարանների ուշադրության կենտրոնում։
Եվրոպական մրցույթներին ամեն տարի մասնակցում է 16-20-ական թիմ, յուրաքանչյուր թիմում՝ 4 մասնակից և 1 քոուչ։
Նման մրցույթներին մասնակցելով՝ ուսումնական հաստատությունները հնարավորություն են ստանում բացահայտելու իրենց ներուժը և տեսանելի դառնում միջազգային մակարդակում, իսկ ուսանողները՝ դառնում մրցունակ ոչ միայն տեղական, այլև միջազգային աշխատաշուկայում։
2024 թ․ գարնանը նույնպես Բիբլոս Բանկ Արմենիան ֆինանսավորել էր CUBE բիզնես խնդիրների միջազգային մրցույթին CaseKey հավաքական թիմի մասնակցությունը, որին հայ երիտասարդները գրավել էին 4-րդ հորիզոնականը 16 թիմից։ Այս տարի Բանկը որոշեց նոր որակ հաղորդել հայկական մրցույթին և հովանավորել մասնակիցների ներկայությունը միանգամից երկու հեղինակավոր միջազգային իրադարձության։
CaseKey մրցույթը բիզնես խնդիրների լուծման եզակի ձևաչափ է, որին ամեն տարի մասնակցում է ավելի քան 200 խելացի երիտասարդ, ծանոթանում տարբեր ընկերությունների մշակույթին և աշխատում իրական բիզնես խնդիրների լուծման վրա: Արդեն երկրորդ տարին անընդմեջ, գործնական գիտելիք սովորեցնող մրցույթի գլխավոր հովանավորը Բիբլոս Բանկ Արմենիան է։