Բիզնես ասոցիացիաները կոալիցիա են կազմել և շտապ հայտարարություն տարածել

Վերջին լուրերը
Բիզնես ասոցիացիաները կոալիցիա են կազմել և շտապ հայտարարություն տարածել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանյան 4 բիզնես ասոցիացիաներ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ՏՀՏ գործատուների միությունը, Հայաստանի գործատուների հանրապետական միությունը եւ «Մանթաշյանց» գործարարների միությունը ձեւավորել են կոալիցիա և համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի արտարժույթի շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ.

 «Ս.թ. ապրիլից սկսած դոլարի փոխարժեքի սրընթաց անկումը, որը կրիտիկական սահմանի հասավ հունիս ամսին, անհաղթահարելի խնդիրներ է առաջացրել Հայաստանի տնտեսության համար ողնաշար հանդիսացող արտահանող կազմակերպություններից շատերի մոտ։ Նախորդ ամիսների ընթացքում ընկերությունների մեծ մասը չվերականգնվող վնասներ են կրում, որի պատճառով նրանցից ոմանք գտնվում են կործանման եզրին։

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ վնասները վերաբերում են ոչ միայն ընկերությունների եկամուտին, այլև շուկաների, հաճախորդների ձեռքբերման երկարամյա ջանքերն ի չիք դարձնելուն։

Միաժամանակ նախորդ ամիսներին ոլորտային ասոցիացիաները խնդիրը ներառել են ՀՀ կենտրոնական բանկի և կառավարության օրակարգ, տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, քննարկվել են բազմաթիվ հնարավոր լուծումներ, սակայն դրանք մնացել են խոսակցությունների մակարդակում։

Ստեղծված իրավիճակում հայտարարում ենք, որ՝

  • ՀՀ կառավարության կողմից նման վարքագծի շարունակությունը կարող է կործանարար լինել Հայաստանի տնտեսության համար՝ առաջացնելով նոր անկանխատեսելի ռիսկեր։
  • Պահանջում ենք, որպեսզի շտապ քայլեր ձեռնարկվեն ընկերությունների վնասների փոխհատուցման, նրանց կենսագործունեության ապահովման ուղղությամբ։
  • Տեսական քննարկումներից անմիջապես անցնել գործնական մեխանիզմների ներդրման։
  • Ներդրվող գործիքակազմը պետք է հետադարձ վերաբերվի ս.թ. ապրիլ ամսվանից ընկերությունների կողմից կրած վնասներին։

Պատրաստակամություն ենք հայտնում առավելագույն մասնակցություն ունենալ անհրաժեշտ լուծումների մշակման և ներդրման աշխատանքներում։

Անհրաժեշտ գործիքների (միջոցառումների ծրագիր) ներդրման շտապ գործընթաց չլինելը կամ դանդաղությունը լի է տնտեսության համար անկանխատեսելի հետևանքներով։

Բիզնես ասոցիացիաներն այսօրվանից ձևավորում են կոալիցիա՝ այս և այլ կարևոր թեմաների շուրջ քննարկումներ կազմակերպելու համար։ Կոալիցիայի հաջորդ նիստը նշանակված է ս.թ. օգոստոսի 9-ին»։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները