Հուլիսի 3-ին Արգենտինայի մայրաքաղաքում բացվել է Հարավային Ամերիկայում առաջին և ամենամեծ Թումո կենտրոնը, որտեղ ամեն շաբաթ կարող է սովորել 6000 պատանի:
Նախագիծն իրականացվում է Բուենոս Այրեսի կրթության նախարարության հետ համագործակցությամբ։
Կենտրոնը գտնվում է Լատինական Ամերիկայի ամենախոշոր դիզայնի կենտրոնում` Centro Metropolitano de Diseño-ում (CMD): Այն կառուցվել է 2000-ականների սկզբին և զբաղեցնում է 14000 քառակուսի մետր տարածք՝ նախատեսված դասընթացների, ցուցադրությունների և միջոցառումների համար։
2026 թվականին Բուենոս Այրեսի հարավային և հյուսիսային հատվածներում կբացվեն ևս երկու խոշոր Թումո կենտրոններ, Արգենտինայի մայրաքաղաքի պատանիներին հնարավորություն ընձեռելով ուսումնասիրել տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտները` անկախ սոցիալական կարգավիճակից։
Բուենոս Այրեսի Թումո կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին քաղաքապետ Խորխե Մակրին, Բուենոս Այրեսի կրթության նախարար Մերսեդես Միգելն ու Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։
