Bitcoin-ը շարունակում է գլխապտույտ ռեկորդներ գրանցել․ պատճառներ և կանխատեսումներ

Վերջին լուրերը
Bitcoin-ը շարունակում է գլխապտույտ ռեկորդներ գրանցել․ պատճառներ և կանխատեսումներ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Bitcoin-ը շարունակում է գրանցել նոր ռեկորդներ՝ հասնելով 93,000 դոլարի սահմանագծին (ներկայումս գինը կազմում է 89,117 դոլար)։ Այս աննախադեպ աճը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից ամենավերջինը ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակն է։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը բազմիցս խոստացել է վերածել ԱՄՆ-ն «կրիպտոարժույթների մայրաքաղաքի»՝ ընդգծելով թվային ֆինանսների զարգացման կարևորությունը երկրի համար։

Քաղաքական գործոններ

Պատմականորեն բիտքոինի գինը միշտ էլ աճել է ԱՄՆ նախագահական ընտրությունների շրջանում։ 2016 թվականին կրիպտոարժույթն արժևորվել է 35%-ով նախքան ընտրությունները և 125%-ով՝ դրանցից հետո։ 2020 թվականին աճը կազմել է համապատասխանաբար 34% և 307%։ Այս անգամ նախընտրական շրջանում աճը կազմել է 10%։

Թրամփի թիմում արդեն ներգրավված են կրիպտոարժույթների նշանավոր աջակիցներ, այդ թվում՝ Իլոն Մասկը և Bitcoin Magazine-ի ղեկավար Դեվիդ Բեյլին։ Նոր վարչակազմը նախատեսում է նաև փոխարինել SEC-ի ներկայիս նախագահ Գերի Գենսլերին, ով հայտնի է կրիպտոարժույթների նկատմամբ իր խիստ դիրքորոշմամբ։

Այլ գործոններ

Կրիպտոշուկայի աճին նպաստել են նաև այլ գործոններ։ Տարվա սկզբին ԱՄՆ կարգավորողները հաստատեցին սփոթ Bitcoin-ETF-ները, ինչը հնարավորություն տվեց ավանդական ներդրողներին մուտք գործել կրիպտոշուկա։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում ինը խոշորագույն ETF-ների ակտիվները գերազանցեցին 200,000 Bitcoin-ը կամ 9.5 միլիարդ դոլարը։

Խոշոր ընկերությունները նույնպես ակտիվորեն ներդնում են Bitcoin-ում։ MicroStrategy-ն՝ Bitcoin-ի խոշորագույն կորպորատիվ սեփականատերը, վերջին շաբաթների ընթացքում ձեռք է բերել լրացուցիչ 27,200 Bitcoin՝ 2 միլիարդ դոլար արժողությամբ։

Շուկայի աճի վրա էական ազդեցություն է ունեցել նաև կրիպտոընկերությունների հաղթանակը դատարաններում։ Կարևորագույն նախադեպ դարձավ Ripple Labs-ի հաղթանակը SEC-ի դեմ դատական գործում, որտեղ դատարանը որոշեց, որ XRP կրիպտոարժույթը չի կարող դիտարկվել որպես արժեթուղթ։ Այս որոշումը սահմանեց հստակ տարբերակում կրիպտոարժույթների և արժեթղթերի միջև, ինչը թույլ տվեց բազմաթիվ այլ կրիպտոընկերությունների ազատվել SEC-ի ճնշումներից։ Սա ցույց տվեց, որ կրիպտոարդյունաբերությունը կարող է հաջողությամբ պաշտպանել իր շահերը օրենքի շրջանակներում, ինչն էլ էապես բարձրացրեց ներդրողների վստահությունը ոլորտի նկատմամբ։

Տեխնիկական վերլուծաբանները կանխատեսում են Bitcoin-ի հետագա աճ։ Copper.co-ի փորձագետները գտնում են, որ գնի գագաթնակետը կարող է գրանցվել 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ հասնելով մինչև 320,000 դոլարի։ Ներկայումս Bitcoin-ի շուկայական կապիտալիզացիան կազմում է 1.82 տրիլիոն դոլար՝ գերազանցելով արծաթի շուկան և Saudi Aramco նավթային հսկային։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները