Ապագայում մարդու բջիջներից պատրաստված փոքրիկ ռոբոտները կկարողանան բուժել վերքերը, վերականգնել հյուսվածքները և նույնիսկ բուժել հիվանդություններ:
Թաֆթսի համալսարանի և Հարվարդի համալսարանի Wyss ինստիտուտի հետազոտողները ստեղծել են կենսաբանական ռոբոտներ, որոնց նրանք անվանում են «անթրոբոտներ»: Դրանք բազմաբջիջ ռոբոտներ են, որոնք ստեղծվել են մարդու շնչափողի բջիջներից։ Ռոբոտները կարող են շարժվել մակերևույթի վրայով և խթանել լաբորատոր ափսեի մեջ վնասված նեյրոնների աճը:
Առայժմ սա տեղի է ունենում միայն լաբորատոր պայմաններում, սակայն հայտնագործությունը հսկայական ներուժ ունի:
Աշխատանքը հիմնված է նախորդ հետազոտությունների վրա. այն իրականացվել է նույն մասնագետների կողմից, ովքեր գորտի ցողունային բջիջներից ստեղծել են առաջին բիոռոբոտները՝ «քսենոբոտները»:
Այս անգամ գիտնականներն արել են նույնը, բայց սովորական մարդկային բջիջներով։ Դրա շնորհիվ բժիշկները կկարողանան բոտեր ստեղծել հիվանդների բջիջներից՝ նվազեցնելով այնպիսի բարդությունների հավանականությունը, ինչպիսին է օտար հյուսվածքի մերժումը:
Անտրոբոտները ստեղծվում են չափահաս մարդու շնչափողի բջիջներից: Այս բջիջները ծածկված են մազմզուկներով, որոնք կոչվում են թարթիչներ, դրանք պտտվում և վանում են օտար նյութերը։ Նրանք կարող են նաև միանալ իրար՝ ձևավորելով օրգանոիդներ կոչվող բազմաբջիջ գոյացություններ։
Հետազոտողները ցույց են տվել բիոբոտների բուժիչ ներուժը: Նրանք աճեցրել են մարդկային նեյրոնների 2D շերտեր և փոքր կտրվածքներ արել դրանց մեջ՝ վերքեր առաջացնելու համար: Մոտակայքում տեղադրվել են անթրոբոտների խմբեր՝ «սուպերբոտեր», որոնց հաջողվել է վերականգնել նեյրոնները նույնիսկ առանց գենետիկական ինժեներիայի օգտագործման։
Գիտնականները վստահեցնում են՝ այս բիոռոբոտներն անվերահսկելիորեն չեն տարածվի, քանի որ նրանք չեն բազմանում և չեն կարող գոյատևել լաբորատորիայից դուրս։ Դրանք կենսաքայքայվում են 60 օրում։
Բայց հուսանք, որ մի օր նրանք բավականաչափ ուժեղ կլինեն, որպեսզի գոյատևեն մեր մարմնում:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: