Microsoft-ի համահիմնադիր և հայտնի գրքամոլ Բիլ Գեյթսն իր սոցիալական մեդիայում հրապարակել է գրքերի ցանկ, որոնք խորհուրդ է տալիս մարդկանց կարդալ։
Նա կարծում է, որ ավելի խելացի դառնալու համար անհրաժեշտ է կարդալ Սալման Խանի «Խիզախ նոր խոսքեր. ինչպե՞ս AI-ը կհեղափոխի կրթությունը» գիրքը։
Գիրքն այն մասին է, թե ինչպես AI-ի առաջընթացը կփոխի կրթությունը։ Այն ուղեցույց է ուսուցիչների, ծնողների և ուսանողների համար՝ ընկալելու փոփոխություններն այս «նոր աշխարհում», – ասվում է գրքի նկարագրության մեջ:
«Եթե դուք տարված եք կրթությամբ, ապա պետք է կարդաք այս գիրքը», – X-ի իր գրառման մեջ նշել է Գեյթսը։
Սալման Խանը «Խանի ակադեմիա»-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է: Ակադեմիան շահույթ չհետապնդող կրթական կազմակերպություն է, որի նպատակն է անվճար ուսումնական ռեսուրսներ տրամադրել մարդկանց: Ընկերությունը կառուցում է նաև իր սեփական կրթական չաթբոտը` Khanmigo-ն: Այն նպատակ ունի օգնել ուսանողներին տարբեր առարկաներում՝ ներառյալ մաթեմատիկան և համակարգչային գիտությունը։
Բիլ Գեյթսն, իհարկե, դրական է գնահատում կրթության ոլորտում արհեստական ինտելեկտի դերը: Նա անցյալ տարի հրապարակել էր նամակ՝ լի իր AI կանխատեսումներով, որոնցից մեկն էլ այն էր, որ առաջիկա 5-10 տարվա ընթացքում AI-ը կարող է սկսել կրթական բովանդակություն տրամադրել՝ հարմարեցված ուսանողի ուսուցման ոճին:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: