Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի Breakthrough Energy վենչուրային ֆոնդը (136,1 միլիարդ դոլար՝ ըստ Forbes Real-Time-ի) ներդրում է կատարել օդից ջուր ստացող հիդրոպանելներ արտադրող Source Global ստարտափում։
Ստարտափն արդեն 150 միլիոն դոլար է ներգրավել Gates Fund, BlackRock և Lightsmith ներդրումային ընկերություններից և Duke Energy էներգետիկ հոլդինգից։
Source Global-ի գործադիր տնօրեն Քոդի Ֆրիզենը պանելները ստեղծել է 2014 թվականին՝ Արիզոնայի պետական համալսարանի ճարտարագիտական դպրոցում դասավանդելիս, իսկ մեկ տարի անց մեկնարկել ստարտափը: 2018 թվականին առաջին 40 Source հիդրոպանելները տեղադրվել են Քենիայում, իսկ այժմ դրանք օգտագործվում են 52 երկրներում:
Հիդրոպանելն արտաքինից նման է արևային մարտկոցի, բայց էլեկտրաէներգիայի փոխարեն ջուր է արտադրում: Այն օդից կլանում է ջրի գոլորշին և արևի էներգիայի օգնությամբ՝ դրանից մաքուր ջուր ստանում: Մեկ վահանակի արժեքը 2000$ է։
«Մենք վերցնում ենք արևի լույսն ու օդը և կարող ենք մոլորակի գրեթե ցանկացած կետում խմելու իդեալական ջուր արտադրել», – ասում է Ֆրիզենը: Նա հիշեցրել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մինչև 2025 թվականը «աշխարհի բնակչության կեսը կապրի ջրի դեֆիցիտ ունեցող տարածքներում»։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։