Հայ հիմնադիրների կողմից ստեղծված Big Story վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել հայ հիմնադիրներով ևս 2՝ Audigo և ValueSense ստարտափներում, հայտնել է ֆոնդի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը՝ BigStory Podcast-ի ժամանակ։
Audigo-ն ներկայացնում է շատ բարձր որակի և լավ մշակված ստերեո խոսափող, որը տեղավորվում է գրպանում և աշխատում iPhone-ի հետ։ Այն նախատեսված է հատկապես երաժիշտների համար, ովքեր կարող են սարքի օգնությամբ դրսում գերազանց որակի ձայնագրություններ կատարել՝ առանց պրոֆեսիոնալ երաժշտական ստուդիաներից օգտվելու։
Audigo-ն կարելի է կցել iPhone-ին և նկարել հոլովակներ՝ ունենալով բարձր որակի ձայնագրություն, քանի որ iPhone հեռախոսների խոսափողները չեն ապահովում բարձր որակի ձայնագրություն, իսկ այս դեպքում հավելվածը տեսանյութն ու ձայնագրությունը սինխրոնիզացնում է։ Ներկայումս Audigo հավելվածը նախատեսված է միայն Apple iOS-ի համար, սակայն թիմը նախատեսում է Android հավելված թողարկել 2024 թվականին:
Audigo Labs-ը հիմնադրվել է 2019 թվականին երաժիշտ և Tesla-ի նախկին ինժեներ Արմեն Նազարյանի կողմից։
ValueSense- ը նորարարական վերլուծական հարթակ է, որը ավտոմատացնում է հրապարակային ընկերությունների ֆինանսական տվյալների վերլուծությունը՝ օգնելով ներդրողներին առավել ինֆորմացված և խելամիտ որոշումներ կայացնել: Այս հարթակը կարևոր է աշխարհում միլիոնավոր ներդրողների համար, ովքեր պրոֆեսիոնալ չեն, սակայն, որևէ մեթոդոլգիա և վերլուծություն են փնտրում ավելի լավ ներդրումային որոշումներ կայացնելու համար։
Մոդելը նախատեսված է վճարովի բաժանորդագրությամբ օգտագործելու համար։ Հիմնադիրը Ջորջ Նարինյանն է՝ Մոսկվայից։ Նա աշխատել է Յանդեքսում և մի քանի այլ վենչուրային ֆոնդերում։
Տեղեկացնենք, որ BigStory-ին արդեն ընդհանուր $4.2 մլնի ներդրում է կատարել հայ հիմնադիրներով 19 ստարտափներում, միջինում՝ $220,000։ Այս մասին հայտնել է Դավիթ Բաղդասարյանը:
BigStory Podcast-ի ամբողջական էպիզոդը կարող եք դիտել այստեղ՝
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: