2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումների ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվելիք նախագծերը՝ շեշտելով, որ նախարարության կողմից համակարգվող ոլորտների զարգացման համար 2025թ. հատկացվող 47.5 մլրդ դրամի սահմաններում նախատեսվում է իրականացնել 5 բյուջետային ծրագիր՝ 20 միջոցառումներով:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման ծրագրի գծով 2025 թվականին նախատեսվել է հատկացնել 32,810.9 մլն դրամ: Ծրագրի նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի ենթակառուցվածքների բարելավումն է, որի շրջանակներում կիրականացվեն հետևյալ բյուջետային միջոցառումները՝
«Մասնագետների պատրաստման ԲՈւՀ-մասնավոր հատված համագործակցություն» միջոցառման համար կհատկացվի 413.0 մլն դրամ, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել կադրերի թիրախավորված պատրաստում և վերապատրաստում՝ հաշվի առնելով շուկայի զարգացումներն ու կադրերի նկատմամբ շուկայի պահանջարկի կտրուկ աճը։
Շուկաների զարգացում և միջազգային համագործակցություն միջոցառման համար 2025թ. կհատկացվի 344.9 մլն. դրամ, Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ միջոցառման գծով՝ 748.5 մլն. դրամ։
Շուրջ 29.4 մլրդ. դրամ է նախատեսվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն տրամադրելու նպատակով։ Վերջինս բխում է ներկայումս շրջանառվող «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքների նախագծերով ամրագրված մոտեցումներից։
«Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի և ընդհանուր ենթակառուցվածքների համակարգման, պահպանման և սպասարկման աշխատանքների իրականացում» միջոցառման համար կհատկացվի 36.0 մլն դրամ, որը կուղղվի Ինժեներական քաղաքում տեղակայված էլեկտրաէներգիայի գծով Գերհամակարգչի սպասարկման ծախսերին: «Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և կահավորման շարունակականության ապահովում» կապիտալ միջոցառման գծով կհատկացվի 1.1 մլրդ դրամ, որը արդյունքում կշարունակվեն բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքները։
Հեռահաղորդակցության ապահովում ծրագրի գծով 2025 թվականին նախատեսվել է հատկացնել 548.0 մլն դրամ, որով կիրականացվեն հետևյալ միջոցառումները.
Հեռահաղորդակցության և կապի կանոնակարգում միջոցառման համար կհատկացվի 326,3 մլն դրամ, որը կուղղվի ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 1807-Ն որոշմամբ ստեղծված «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանմանը։
Հարկ է նշել, որ 2024 թվականին ավարտին կհասցվի 4.5 մլրդ դրամ արժեքով ռադիոմոնիտորինգի ծրագրի ներդրումը, որը նպատակ ունի լուծել տեղական և տարածաշրջանային մասշտաբներով քաղաքացիական, ռազմական և հատուկ նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիության և ռադիոհաճախականային խանգարումներին առնչվող խնդիրները, ապահովել ռադիոհաճախականությունների և հաճախականային շերտերի փաստացի օգտագործմանը վերաբերող տվյալների հավաքագրումն ու տրամադրումը:
ՀՀ ողջ տարածքում թվային հեռուստահեռարձակման ապահովման նպատակով` համաձայն արբանյակային ունակության վարձակալության համար կնքված պայմանագրի, յուրաքանչյուր տարի կպահանջվի շուրջ 80.6 մլն դրամ:
ՀՀ պետական մարմինների տվյալների փոխանակման կապի ապահովման և սպասարկման նպատակով յուրաքանչյուր տարի կպահանջվի 140,9 մլն դրամ:
Միասնական թվային միջավայրի ձևավորում ծրագրի գծով 2025 թվականին նախատեսվել է հատկացնել 7,153.5 մլն դրամ, որի հաշվին կիրականացվեն մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Տեղեկատվական անվտանգության, Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և զարգացման ոլորտներում քաղաքականության իրականացում»՝ 1.01 մլրդ դրամ արժեքով, «Միասնական թվային միջավայրի ձևավորում» միջոցառում՝ 5.0 մլրդ դրամ արժեքով։