Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թվականի առաջին եռամսյակի ավարտին Հայաստանի առևտրային բանկերն արձանագրել են 72.5 միլիարդ դրամ ընդհանուր շահույթ՝ 18-ից 17 բանկ աշխատել են շահույթով, ընդամենը մեկը՝ վնասով։ Շահույթի հիմնական մասը ձևավորվել է վարկային ակտիվության պահպանման ու բարձր տոկոսադրույքների պահպանման հաշվին։
Ապրիլի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 6 տրիլիոն 905 միլիարդ դրամ, մինչդեռ 2024 թվականի դեկտեմբերին այն կազմել էր 6 տրիլիոն 541 միլիարդ։ Աճը հիմնականում ապահովվել է ինչպես դրամով, այնպես էլ տարադրամով տրամադրված երկարաժամկետ վարկերի շնորհիվ։ Ընդհանուր վարկերի մոտ 67 տոկոսը տրամադրվել է դրամով, մնացածը՝ արտարժույթով։
Վարկերի կառուցվածքում երկարաժամկետ վարկերը շարունակում են գերակշռել․ 2025 թվականի ապրիլին դրանց մասնաբաժինը կազմել է շուրջ 89 տոկոս։ Դրամով երկարաժամկետ վարկերը կազմել են 4 տրիլիոն 134 միլիարդ, իսկ արտարժույթով՝ 2 տրիլիոն 59 միլիարդ դրամ։
Բանկային համակարգում հաճախորդների ընդհանուր քանակը 2025 թվականի մարտին կազմել է 4 միլիոն 982 հազար մարդ՝ աճելով 2024 թվականի դեկտեմբերի 4 միլիոն 967 հազարից։ Իրավաբանական անձանց թիվը հասել է 215 հազարի, իսկ ֆիզիկական անձանց՝ 4 միլիոն 767 հազար։ Հաճախորդների թվի աճը նկատվում է ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց դեպքում։
Նույն ժամանակահատվածում ակտիվ հաշիվների ընդհանուր քանակը կազմել է 10 միլիոն 385 հազար՝ ցուցաբերելով վերականգնման միտում։ Ֆիզիկական անձանց բաժին է ընկնում ավելի քան 96 տոկոսը։
Տոկոսադրույքների մակարդակը մեծապես պահպանվել է․
- Դրամով վարկերի միջին տոկոսադրույքը 2025-ի ապրիլին կազմել է 14.02%,
- Դրամով ավանդների միջինը՝ 8.19%,
- ԿԲ-ի ռեպո գործարքների տոկոսադրույքը՝ 6.75%։