Պաշտոնապես բացվել է Թումո Կապանի հիմնական շենքը

Վերջին լուրերը
Պաշտոնապես բացվել է Թումո Կապանի հիմնական շենքը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մարտի 2-ին պաշտոնապես բացվեց Թումո Կապանի հիմնական շենքը՝ Սյունիքի հարավում Թումոյի կրթական ցանցն ամբողջացնող կենտրոն-հանգույցը։ Կենտրոնը տեղակայված է Կապանի երկաթուղային կայարանի շենքում, որը, պահպանելով պատմական և ճարտարապետական յուրահատկությունը, վերածնվել է որպես նորարարական հանգույց։ Կենտրոնը, Մեղրիի և Քաջարանի Թումո տուփերի հետ կրթական ցանց կազմելով, կծառայի շուրջ 2500 պատանիների։ Թումո Կապան այսուհետ դասընթացների և աշխատարանների կհաճախեն նաև պատանիներ Գորիսից, որտեղ կգործարկվի Թումո տուփ, և ուսանողները կապահովվեն տրանսպորտով։

Պաշտոնապես բացվել է Թումո Կապանի հիմնական շենքը

Նոր կենտրոնի դռները պաշտոնապես բացեցին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը և Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը: Ներկա էին պետական կառույցների ներկայացուցիչներ, Թումոյի և համայնքի միջազգային և տեղացի գործընկերներ, կենտրոնի ուսանողական և ծնողական համայնքը և հանրությունը։

«Թումո Կապանը  Հայաստանում  նորարարությանը և տարածաշրջանային զարգացմանը աջակցելու ԵՄ հանձնառության դրսևորումն է։ Կենտրոնը ոչ միայն կօգնի երիտասարդներին ձեռք բերել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են տեղում հաջողության հասնելու համար, այլև կնպաստի Սյունիքի մարզի կայուն տնտեսական զարգացմանը և դիմակայունության ամրապնդմանը։ Թումոյի հետ մեր համագործակցությունը ԵՄ համագործակցության ընդարձակ ծրագրի կարևոր մասն է, որն ուղղված է մարդկային կապիտալի զարգացմանը միտված ներդրումներին, տեղական տնտեսությունների ամրապնդմանը և հաջորդ սերնդի նորարարների ու ձեռներեցների պատրաստմանը, ովքեր կձևավորեն Հայաստանի ապագան»,- նշեց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը իր բացման խոսքում։

Պաշտոնապես բացվել է Թումո Կապանի հիմնական շենքը

«Սյունիքի բոլոր պատանիներին թումոյական կյանքեր վերափոխող ուսումնական փորձառությամբ ապահովելու մեր նպատակին հասնելու ճանապարհն սկսել ենք դեռևս 2021-ին մեկ Թումո տուփից՝ այժմ հասնելով կրթական ցանցի։ Այս ծավալուն նախագիծն իրականություն դարձավ ամուր գործընկերության շնորհիվ. Թումոյին հաջողվեց գնել տարիներ առաջ սեփականացված շենքը, համայնքը և ԵՄ-ն միավորեցին ուժերը «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությամբ, մեզ միացան մեր հավատարիմ ընկերները՝ Ջուդիթն ու Վիկտորը։ Հատկանշական է, որ այսօր ենք հայտնում երկար սպասված նորությունը Գորիսի Թումո տուփի մասին, որը գործարկվում է «ContourGlobal» ընկերության հետ համագործակցությամբ։ Սյունիքում Թումոյի կրթական ցանցն ամբողջացնելու համար մեզ մնում է միայն հիմնել Սիսիանի կենտրոնը և հարակից տուփերը։ Հույս ունենք, որ այդ մարտահրավերն էլ կհաղթահարենք՝ հուսալի գործընկերներ գտնելով», – նշեց Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Թումո Կապանի կրթական տարածքը չի սահմանափակվի միայն մեկ շենքով։  Շինարարությունը շարունակվում է, և շուտով ուսանողների համար կգործարկվեն նախագծով նախատեսված նորակառույց մասնաշենքերը։ Մինչ այդ կրթական գործընթացը կշարունակվի նաև շենքի հարևանությամբ գործող ժամանակավոր կենտրոն-տուփերում։

Թումո Կապանը հատուկ փորձառություն կստեղծի ոչ միայն պատանիների, այլև ամբողջ համայնքի համար։ Այստեղ կգործի նաև Թումո լաբեր ծրագիրը, որը նույնպես իրականացվում է ԵՄ-ի հետ համագործակցությամբ։ 18-ից բարձր անձանց համար ծրագրի շրջանակում առաջարկվում են գործնական նախագծեր տեխնոլոգիաների, գիտության և ճարտարագիտության ոլորտներում: Կապանում առաջին հերթին կմեկնարկի Թումո լաբերի ուղղորդված ինքնուսուցման ծրագիրը, որի օգնությամբ ուսանողները կարող են 0-ից անվճար սովորել մեքենայական ուսուցում, Python կամ JavaScript ծրագրավորման լեզուները` առցանց գրանցվելով Թումո լաբերի կայքում՝ tumolabs.am: Ավելին, շենքում կգործեն նաև միջոցառումների, համատեղ աշխատանքի և ուսուցման համար հարմարեցված տարածքներ։

Պաշտոնապես բացվել է Թումո Կապանի հիմնական շենքը

Թումո Կապան նախագիծն իրականացվում է Կապանի համայնքապետարանի, ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության և Թումոյի դոնորներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի հետ համագործակցության շնորհիվ։ Մեղրիի և Գորիսի տուփերի հովանավորներն են Քաշյան ընտանիքը և «ContourGlobal» ընկերությունը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները