Հայաստանյան ՏՏ ոլորտի 2024-ի պատկերը՝ մեկ զեկույցում

Վերջին լուրերը
Հայաստանյան ՏՏ ոլորտի 2024-ի պատկերը՝ մեկ զեկույցում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Armenian Code Academy-ն, Step Consulting-ը և Technological Education Foundation-ը հրապարակել են Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի վերաբերյալ «Armenian Tech Market Insights 2025» զեկույցը, որում վերլուծվում է ՏՏ ոլորտի 2024 թվականի վիճակը, գրանցված առաջընթացը և արձանագրված մարտահրավերները։

Ըստ զեկույցի՝ 2024 թվականին Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը կազմել է 2.3 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ ոլորտի կողմից վճարված հարկերի ծավալը՝ միայն խոշոր 1000 հարկ վճարողների շրջանակում, գերազանցել է 79 միլիոն դոլարը։ ՏՏ ոլորտը կազմել է երկրի ՀՆԱ-ի շուրջ 7 տոկոսը։ Գործող տեխնոլոգիական ընկերությունների 35%-ը արտադրական ուղղվածություն ունի, իսկ 65 %-ը՝ ծառայությունների։

Հայաստանում գործում է 1253 տեխնոլոգիական ընկերություն, որոնցից մեծ մասը՝ փոքր ու միջին բիզնեսներ։ ՏՏ ոլորտում ներգրավված է 58,700 մասնագետ, որոնցից շուրջ 40 տոկոսը կին է, իսկ մոտ 18 տոկոսը՝ արտերկրից տեղափոխված մասնագետներ։ Սեռային հավասարության առումով Հայաստանը շարունակում է մնալ առաջատարներից մեկը։

ՏՏ համայնքի աճը ևս շեշտադրված է զեկույցում․ համայնքային կյանքի ակտիվացումը, նոր ստարտափների հայտնվելը և միջազգային կազմակերպությունների մուտքը ձևավորել են ավելի բաց ու համագործակցային միջավայր։ 2024-ին հայկական ստարտափները գրանցել են ավելի քան 120 միլիոն դոլարի ներդրումներ, իսկ ServiceTitan-ի՝ NASDAQ-ում IPO իրականացումը դարձել է տարվա գլխավոր լուրերից մեկը։

Զեկույցը նաև ընդգծում է պետության կողմից տրամադրվող հարկային արտոնությունները, որոնք օգնում են նոր աշխատողների ներգրավմանը, մասնագիտական վերապատրաստումներին և հետազոտական գործունեության զարգացմանը։ Միաժամանակ, նշվում է, որ գիտության և կրթության ոլորտում համակարգային բարեփոխումները շարունակում են անհրաժեշտություն մնալ, չնայած ոչ ֆորմալ կրթական հարթակների ակտիվ ներգրավվածությանը։

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները