Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի կարծիքով՝ կապիտալի շուկայի զարգացումը Հայաստանում դեռ բախվում է բանկային համակարգի գերիշխանությանը։ Նրա ձևակերպմամբ՝ երկու համակարգերն այսօր գործում են որպես մրցակիցներ, քանի որ հաճախ նույն ներդրողի միջոցների համար են «պայքարում»։
«Բանկային ոլորտը, որը Հայաստանում է զարգացած, ըստ էության կապիտալի շուկայի հետ մրցակից է», — նշել է Եգանյանը՝ How2B-ի FinCast փոդքաստի ընթացքում։
Եգանյանը բացատրել է, որ կապիտալի շուկայի զարգացումը տնտեսության համար կարող է ստեղծել լրիվ նոր ֆինանսավորման մոդել։ Եթե այսօր բիզնեսները հիմնականում վարկային ռեսուրսներ են ներգրավում բանկերից, ապա զարգացած կապիտալի շուկայի դեպքում նրանք կարող են դա անել պարտքային թղթերի կամ բաժնետոմսերի թողարկման միջոցով։
«Կապիտալի շուկայի զարգացումը նշանակում է, որ ներդրողները ուղղակիորեն ձեռք են բերելու արժեթղթեր։ Դա նշանակում է, որ ընկերությունները այլևս չեն գնա բանկից վարկ վերցնեն, այլ թողարկելու են պարտքային թղթեր և վաճառելու են ներդրողներին», — նշել է նա։
Նրա խոսքով՝ կապիտալի շուկայի լիարժեք գործարկման համար անհրաժեշտ է ներդրումային բանկինգի զարգացում։ Այսօր Հայաստանում այդ օղակը դեռ բավականաչափ զարգացած չէ, ինչի հետևանքով շուկան չի կարող բավարար չափով ընդլայնվել։ Եգանյանը ընդգծում է, որ ներդրումային բանկերը պետք է դառնան այն միջնորդ օղակը, որը կապում է բիզնեսներին ներդրողների հետ՝ ապահովելով վստահություն և թափանցիկություն․
«Հայաստանում որոշ չափով բացակայում է ներդրումային բանկային ոլորտը։ Պետք են խորհրդատուներ, ներդրումային ծառայություն մատուցողներ, տեղաբաշխողներ, որոնք ընկերությունների մասին խորը վերլուծություններ կանեն։ Ներդրողը պիտի իմանա՝ ում է իր փողը տալիս», — ասել է նա։
Եգանյանի դիտարկմամբ՝ հայկական շուկայում կան արդեն այնպիսի ընկերություններ, որոնք իրենց չափերով և աճի հնարավորությամբ կարող են հետաքրքիր լինել միջազգային ներդրողներին։ Սակայն նրանց մեծ մասը դեռ դուրս չի եկել կապիտալի շուկա, քանի որ իրենք էլ հաճախ լիարժեք չեն պատկերացնում սեփական բիզնեսի իրական արժեքը։
«Կան ընկերություններ Հայաստանում՝ 100 միլիոն դոլար և ավել գնահատմամբ։ Շատերի տերերը անգամ տեղյակ չեն, թե որքան թանկ կարող է գնահատվել իրենց բիզնեսը», — նշել է Եգանյանը։ Նրա խոսքով՝ աճող տնտեսությունում աստիճանաբար ձևավորվելու են առողջ, զարգացող բիզնեսներ, որոնք վաղ թե ուշ դառնալու են բաց բաժնետիրական ընկերություններ՝ կապիտալի շուկայից գումար ներգրավելու համար։
Նա նաև ընդգծել է պետության դերի կարևորությունը կապիտալի շուկայի խթանման գործընթացում։ Ըստ Եգանյանի՝ վերջին տարիներին իրականացվել են մի շարք քայլեր՝ հարկային արտոնությունների և ծախսերի փոխհատուցման մեխանիզմների ներդրման ուղղությամբ։
«Պետությունը փաստորեն քայլեր է ձեռնարկում, որպեսզի կապիտալի շուկան զարգանա։ Անցյալ տարի ներդրվեց խրախուսման համակարգը, որը թողարկման հետ կապված որոշ ծախսեր փոխհատուցում է։ Պարտատոմսերի տոկոսները եկամտով չեն հարկվում, ցուցակված բաժնետոմսերի դիվիդենդները չեն հարկվում», — նշել է նա։
Եգանյանի համոզմամբ՝ կապիտալի շուկայի զարգացումը ոչ միայն տնտեսական, այլև մշակութային փոփոխություն է պահանջում՝ թե՛ բիզնեսների, թե՛ ներդրողների մտածողության մակարդակում։ Այդ ուղղությամբ արվող յուրաքանչյուր քայլ՝ ներդրումային միջավայրի բարելավումից մինչև պետական աջակցություն, կարող է նպաստել այն բանին, որ կապիտալի շուկան դառնա տնտեսության կենսունակ և մրցունակ հատվածներից մեկը։
Փոդքասթի ամբողջական տարբերակը՝