Երևանի Ինժեներական քաղաքում Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնում տեղադրված տարածաշրջանում առաջին՝ «Ազնավուր» գերհամակարգիչն արդեն իսկ սկսել է գործել, և ավելի քան 20 գիտական և հետազոտական խմբեր գրանցվել են հետազոտական աշխատանքներ կատարելու համար՝ օգտագործելով գերահամակարգչային կենտրոնի կարողությունները։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարությունը, սուպեր համակարգիչների, հատկապես արհեստական բանականության տարատեսակ GPU-ներով գերհամակարգչային կենտրոնների կառուցման ջատագով է, և բացի «Ազնավուր» գերհամակարգչային կենտրոնից, շուտով կավելանա նաև երկրորդ գերհամակարգիչը։
«NVIDIA-ից բավական մեծ չափի գնումներ ենք կատարել և արդեն 2025-ի կեսերից նաև հավելյալ մեկ գերհամակարգչային կենտրոն ենք ունենալու։ Մենք հոգ ենք տանելու, որպեսզի գերհամակարգչային կենտրոններում գեներացվեն նոր գաղափարներ, նոր տեխնոլոգիաներ, գիտական նոր լուծումներ, որոնք, նախևառաջ, պետք է գան և ծառայեն մեր տնտեսության զարգացմանը», — նշեց նախարարը։
Երկրորդ գերհամակարգչային կենտրոնը նախնական պայմանավորվածությամբ գործարկվելու է Երևանի պետական համալսարանում: Հայրապետյանի խոսքով՝ նախարությունն արդեն իսկ գործարկման մի շարք կարևոր հայտեր է ստացել դրա կիրառական նշանակման իմաստով՝ տարբեր թեմաներով, տարբեր տեխնոլոգիաների մասով և այս ուղղությամբ կա տեսանելի դինամիկա։
«Ազնավուր» սուպերհամակարգիչն արդեն իսկ կիրառվում է տեխնոլոգիական մի շարք կարևորագույն ուղղություններում՝ սկսած մեքենայական ուսուցումից մինչև միկրոէլեկտրոնիկա, տարբեր տվյալների վերլուծություն և այլն։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Երևանի Ինժեներական քաղաքում բացվեց Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը, որտեղ տեղադրվեց «Ազնավուր» գերհամակարգիչը: Արևելյան գործընկերության երկրներից Հայաստանն առաջինն է, իսկ Եվրասիական տնտեսական միության մեջ երկրորդը, որտեղ նման գերհամակարգիչ է տեղադրվել: Այս նորագույն ենթակառուցվածքը կարևոր դեր կարող է ունենալ Հայաստանում հաշվողական գիտության զարգացման համար: