Հայաստանում այս տարվա սեպտեմբերից նախատեսվում է իրականացնել կառավարչական հմտությունների զարգացման և բիզնես կրթության նոր՝ EMBA (ղեկավարների MBA) ծրագիր, որի մասնակիցները համաշխարհային բիզնես առաջնորդության փորձին հնարավորություն կունենան ծանոթանալ արտերկրում: Կրթական ծրագիրը Հայաստանից բացի կանցկացվի Գերմանիայում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Չինաստանում՝ մասնակիցներին հնարավորություն տալով ուսումնասիրել տվյալ երկրներում առաջատար ընկերությունների կառավարման փորձը, ինչպես նաև ձեռք բերել վստահելի միջազգային բիզնես կապեր:
Ծրագիրը համատեղ նախագծվել և իրականացվելու է հայաստանյան «Մատենա» միջազգային դպրոցի և Գերմանիայի առաջատար բիզնես դպրոցի՝ «ESMT Berlin»-ի կողմից:
Ծրագիրը նախատեսված է տարբեր ոլորտներում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց համար: Մեկուկես տարվա ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան էապես բարելավել բիզնեսի կառավարման գրեթե բոլոր անհրաժեշտ հմտությունները՝ պրոֆեսիոնալ կերպով բանակցելուց մինչև ընկերության թվային տրանսֆորմացիա, արդյունավետ ֆինանսական կառավարումից մինչև վստահ հանրային խոսք, կոնֆլիկտներն ու ճգնաժամերը հաղթահարելուց մինչև հիմնավոր ներդրումային ռազմավարություններ, արհեստական բանականության կիրառումից մինչև խորքային ինքնաճանաչում:
Ծրագրում որպես դասավանդողներ ներգրավված են աշխարհի հսկաների՝ «BlackRock»-ի, «NVIDIA»-ի, «Rakuten»-ի, «Moderna»-ի, «IBM»-ի, «BCG»-ի, «Oracle»-ի, «McKinsey»-ի, «Shell»-ի, «Renault-Nissan-Mitsubishi»-ի ներկա ու նախկին տնօրենները, փոխնախագահները, որոնք ուղիղ փոխանցելու են իրենց բացառիկ փորձը:
«Հիմնադրված լինելով այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են «Mercedes-Benz»-ը, «Deutsche Bank»-ը, «Siemens»-ը, «Mckinsey»-ն և այլն, մենք շատ բծախնդիր ենք գործընկերներ ընտրելու հարցում, և «Մատենայի» հետ գործընկերության հիմքում ընկած է վստահությունն ու բիզնես կրթության համաշխարհային բարձր որակը, որն ապացուցվել է համատեղ կարճաժամկետ ծրագրերի փորձով», — ասում է «ESMT Berlin»-ի նախագահ Յորգ Ռոխոլը:
«Մատենայի» համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանն իր հերթին նշում է. «Եվրոպայի լավագույն բիզնես դպրոցներից մեկի և «Մատենայի» համատեղ ծրագիրը կարող է դառնալ լավագույնը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում՝ վերափոխելով բիզնես կրթության ստանդարտները և ներգրավելով միջազգային մասնակիցների»: