Սեպտեմբերից Հայաստանում կգործի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման, հաշվարկման և վճարման նոր ընթացակարգ։ Նպաստները կտրամադրվեն Միասնական սոցիալական ծառայության կողմից՝ առանց քաղաքացիներից դիմումների կամ փաստաթղթերի պահանջելու։
Մինչ այժմ վարձու աշխատողները ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնում էին գործատուին, որը հաշվարկում ու վճարում էր նպաստը՝ հետագայում ստանալով պետական փոխհատուցում։ Անհատ ձեռնարկատերերը ևս դիմում էին Միասնական սոցիալական ծառայություն՝ ներկայացնելով ինչպես թերթիկը, այնպես էլ եկամուտների մասին տվյալներ։ Համակարգը հիմնված էր փաստաթղթաշրջանառության վրա, չնայած որ անհրաժեշտ տեղեկությունները առկա էին պետական բազաներում։
Նոր մեխանիզմով նպաստների հաշվարկը և նշանակումը կիրականացվի էլեկտրոնային առողջապահական համակարգից և հարկային մարմինների տեղեկատվական բազաներից ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների հիման վրա։ Ամբողջ գործընթացը կիրականացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված հարթակի միջոցով։
Նոր կարգի ներդրմամբ անաշխատունակության թերթիկները այլևս չեն կիրառվի։ Դրանք քաղաքացիներին կտրվեն բացառիկ դեպքերում՝ օրինակ օտարերկրյա պետության լիազոր մարմին ներկայացնելու անհրաժեշտության դեպքում։