Համաշխարհային բանկի վերջին զեկույցի համաձայն՝ 2025 թվականի մայիսին Հայաստանի տնտեսական ակտիվությունը տարեկան կտրվածքով աճել է 10.4 տոկոսով՝ կրկնապատկվելով նախորդ ամսվա 5.4 տոկոսի համեմատ։ Աճին հիմնականում նպաստել են շինարարության և ծառայությունների (առանց առևտրի) ոլորտները։ Շինարարությունն աճել է 22.2 տոկոսով, իսկ ծառայությունների աճը՝ 10.8 տոկոսով։
Արդյունաբերության ծավալները շարունակում են նվազել՝ կրճատվելով 5.9 տոկոսով, սակայն անկման տեմպը մեղմվել է՝ հանքարդյունաբերության 17.9 տոկոս աճի շնորհիվ։ Մշակող արդյունաբերության կրճատումը կազմել է 13.5 տոկոս՝ պայմանավորված ալկոհոլային խմիչքների արտադրության նվազումով և գունավոր մետաղների թողարկման զգալի անկումով։
Արտահանումը մայիսին կրճատվել է 39.3 տոկոսով, ներմուծումը՝ 20.4 տոկոսով։ Նվազումը պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման կտրուկ անկմամբ (69.2 տոկոս), ինչպես նաև տրանսպորտային միջոցների արտահանման 70.7 տոկոս կրճատմամբ։ Առանց վերաարտահանվող ապրանքների՝ արտահանումն ու ներմուծումը աճել են համապատասխանաբար 9.2 և 14.3 տոկոսով։ Արտաքին առևտրի դեֆիցիտը հունվար-մայիս ամիսներին կազմել է ՀՆԱ-ի 7 տոկոս՝ գերազանցելով նախորդ տարվա 5 տոկոսի ցուցանիշը։
Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները մայիսին աճել են 19.5 տոկոսով՝ հիմնականում Ռուսաստանի կողմից 48.3 տոկոսով ընդլայնված հոսքերի շնորհիվ։ Միացյալ Նահանգներից փոխանցումները փոքր-ինչ նվազել են։
Հունիսին գնաճը մեղմացել է՝ կազմելով 3.9 տոկոս՝ մայիսի 4.3 տոկոսի դիմաց։ Գնաճի հիմնական ճնշումը պահպանվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճի պատճառով։ ԿԲ-ն հունիսին վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.75 տոկոս մակարդակում։
Բանկային համակարգում ավանդների և վարկերի երկնիշ աճը շարունակվել է։ Մայիսին վարկերը աճել են 27.9 տոկոսով, ավանդները՝ 13.6 տոկոսով։ Վարկերի հիմնական աճը պայմանավորված է սպառողական վարկերի ընդլայնմամբ։
Մայիսին պետական բյուջեում գրանցվել է ՀՆԱ-ի 0.8 տոկոսի պակասուրդ։ Հարկային եկամուտները աճել են 14.1 տոկոսով՝ ԱԱՀ-ի (17.9 տոկոս) և շրջանառության հարկի (72.5 տոկոս) ավելացման շնորհիվ։ Ծախսերի աճը կազմել է 28.2 տոկոս, հիմնականում պաշտպանական կապիտալ ծախսերի եռապատկման հաշվին։