Աշխարհատնտեսական զարգացումներ, տեխնոլոգիական փոփոխություններ, արհեստական բանականություն, և գործատուների աճող պահանջներ. Այս ամենը փոխում են աշխատանքի շուկան, այդ թվում՝ Հայաստանում: Որո՞նք են ամենապահանջված մասնագիտությունները, ինչպիսի՞ն է աշխատուժի կառուցվածքը և դեպի ո՞ւր են մեզ տանում փոփոխությունները՝ How2B-ն ամփոփել է հայաստանյան աշխատաշուկան 2023-ին:
Ամենապահանջված մասնագիտությունները Հայաստանի աշխատաշուկայում
Ո՞ր մասնագիտությունների գծով են գործատուներն առավել ակտիվ փնտրել աշխատակիցների, սա պարզելու համար հղում կատարենք աշխատանքի հայտարարությունների հայաստանյան ամենահայտնի ռեսուրսների՝ Job.am-ի և staff.am-ի հետազոտություններին:
Job.am-ում 2023-ի տվյալներով աշխատաշուկայում առավել շատ պահանջարկ ունեցող մասնագետների ցանկում առաջատար է եղել վաճառքի և մարքեթինգի ոլորտը (29,7%)։ Դրան հաջորդել են Ֆինանսների և հաշվապահության (16,4%), ապա ստեղծագործական բնույթի աշխատանքները (15,8%)։
Աշխատակիցների պահանջարկ առկա է եղել նաև լոգիստիկայի (12,9%), կառավարման (մենեջմենթ) և ադմինիստրատիվ աշխատանքի (11,6%), տեղեկատվական տեխնոլոգիաների (9%), ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման և իրավական ոլորտներում (4,6%)։ Եթե անդրադառնանք առանձին մասնագիտություններին, Job.am-ում ամենաշատը տեղադրվել է հաշվապահի թափուր հաստիքի հայտարարություն՝ 1200 անգամ:
Վաճառքի ոլորտը առաջատարներից է նաև staff.am-ի տվյալներով, սակայն այստեղ ոլորտային բաժանումը մի փոքր այլ տեսք ունի: Ամենապահանջվածը եղել են մասնագետները բանկային/վարկային ոլորտում, երկրորդը՝ վաճառքի և սպասարկման կազմակերպման: Հաջորդում է ծրագրավորման ոլորտը, որտեղ թափուր աշխատատեղերը նախորդ տարվա համեմատ գրեթե 50%-ի անկում են գրանցել: Աշխատակիցների բավական մեծ պահանջ կա նաև մարքեթինգի ու գովազդի, ադմինիստրատիվ աշխատանքների և հաշվապահության ոլորտում:
Աշխատուժի կառուցվածքը
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2023 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ-ում զբաղված բնակչության թիվը կազմել է 1 220 600 մարդ (ընդհանուր աշխատուժի 88%-ը), իսկ գործազուրկների թիվը 167 200 մարդ (ընդհանուր աշխատուժի 12%-ը)։ Սակայն գործազուրկների միայն 28%-ն է, որ գրանցված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունում։
2023-ի նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ-ում աշխատանք փնտրող կանանց թիվը 39 820 է, իսկ տղամարդկանց թիվը՝ 25 341, ընդ որում, առավել հաճախ աշխատանք են փնտրում 35-44 տարեկան անձիք։
Եթե հիմնվենք ՊԵԿ-ի կողմից ներկայացվող՝ եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակին, ապա 2023թ. նոյեմբերին այն կազմել է 737 866, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 36 435-ով կամ 5.2%-ով:
Աշխատաշուկայի բաշխվածությունն ըստ ոլորտների
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2023 թվականի Նոյեմբեր ամսին չկրկնվող թափուր աշխատատեղերի պահանջարկը ըստ տնտեսական գործունեության տեսակների ունեցել է հետևյալ տեսքը.
Գծապատկերում երևում է, որ առավել մեծ թվով աշխատատեղեր ապահովում են մեծածախ և մանրածախ առևտրի, կրթության և մշակող արդյունաբերության ոլորտները: Հետաքրքիր է նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտում զբաղվածների թիվը գերազանցում է ֆինանսական և ապահովագրական ոլորտում աշխատողների թվին:
Հաջորդիվ, կներկայացնենք աշխատավարձը ըստ ոլորտների, ինչպես նաև կառանձնացնենք աշխատաշուկայի առավել ակտիվ գործատուներին:
Կարդացե՛ք նաև՝
- 2023-ին Հայաստանում ՏՏ ոլորտի աշխատողների թիվը նվազել է
- Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը 2023թ. արդյունքներով կկազմի ժամում 9.8 դոլար
- Ո՞ր ոլորտներում է ավելի բարձր աշխատավարձը Հայաստանի տնտեսությունում
Հոդվածում օգտագործվել են տվյալներ ԱՎԾ-ից, Job.am-ի «Հայաստանյան աշխատաշուկան 2023-ին» հետազոտությունից և staff.am-ի «ՀՀ աշխատաշուկա 2023» հետազոտությունից: