2024-ին աշխատանքի արտադրողականությունը Հայաստանում աճել է այնքան, որքան 2012-2017 թվականներին․ Գևորգ Պապոյան

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հունիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվություն՝ անդրադառնալով մի շարք ոլորտների զարգացումներին։

Նախարարի փոխանցմամբ՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը գրանցել է 5.9% իրական աճ, որը մոտ է պետական բյուջեով նախատեսված 7%-ին։ Նա նշել է, որ աճել են ներդրումների և արտաքին առևտրի ծավալները, այդ թվում՝ արտահանումը։ Զուգահեռաբար՝ բարելավվել է տնտեսական քաղաքականության գործիքակազմը։ Ըստ ներկայացվածի՝ ներդրվել են կապիտալի շուկայի զարգացման մեխանիզմներ, որոնք մինչ այժմ Հայաստանում օրենսդրական դաշտում գոյություն չեն ունեցել։

Հանձնաժողովում անդրադարձ է եղել նաև արդյունաբերական ոլորտում տեղի ունեցած փոփոխություններին։ Նախարարի ներկայացմամբ՝ վերջին շրջանում վերագործարկվել են մի քանի արդյունաբերական ձեռնարկություններ՝ այդ թվում մետաղի հալեցման, մարտկոցների արտադրության և մետաղի ձուլման գործարաններ։ Նշվել է, որ կառավարությունը սահմանափակել է մետաղի ջարդոնի արտահանումը՝ նպատակ ունենալով խթանել այդ հումքի տեղական օգտագործումը։ Արդյունքում բացվել է երեք նոր գործարան, չորրորդը նախատեսվում է գործարկել 2025 թվականի հոկտեմբերին։

Նախարարը հայտնել է նաև, որ 2024 թվականին երկրի արտադրողականությունը աճել է նույնքան, որքան 2012-2017 թվականների ամբողջ ընթացքում։ Տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակում ստեղծվել է ֆինանսական գործիքակազմ, որի ծավալը կազմել է 1.3–1.4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ծրագիրը նախատեսում է փոխհատուցել լիզինգի և վարկերի տոկոսադրույքները՝ հիմնական միջոցների տեխնիկական արդիականացման նպատակով։

Ծրագրից կարող են օգտվել մի շարք ոլորտներ, ներառյալ՝ գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, շինարարություն, հեռահաղորդակցություն, գիտահետազոտական գործունեություն, առողջապահություն և այլ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները