Հրապարակվել է «Ստարտափ էկոհամակարգի» 2024 թվականի զեկույցը: Համաձայն զեկույցի Հայաստանը Գլոբալ Ստարտափ Էկոհամակարգի ինդեքսով պահպանում է կայուն 57-րդ տեղը 2024 թվականին և գտնվում է լավագույն 100 երկրների շարքում: Արևելյան Եվրոպայի երկրների ցանկում Հայաստանը 15-րդ տեղում է:
Զեկույցը կազմվում է 2017 թվականից ի վեր՝ գնահատելով և վերլուծելով 1000 քաղաքների և 100 երկրների ստարտափ էկոհամակարգերը։ Հետազոտությունն իրականացրել է «StartupBlink» հետազոտական ընկերությունը։
Հայաստանը 2021 թվականին զբաղեցրել է 65-րդ տեղը, ապա 2022-ին բարելավել է դիրքերը 5 կետով՝ զբաղեցնելով 60-րդ տեղը։ 2023-ին բարելավել է դիրքերը 3 կետով՝ զբաղեցնելով 57-րդ տեղը, իսկ 2024 թվականին պահպանել է կայունություն նույն կետում: Բացի այդ, Հայաստանը համաշխարհային մակարդակում զբաղեցնում է 47-րդ տեղը էկոհամակարգում միաեղջյուրների ազդեցության առումով: Որպես նշանակալի ստարտափներ, զեկույցում նշվում են՝ Picsart-ը (730 StartupBlink միավոր), Renderforest-ը (566 StartupBlink միավոր), Faster Expert-ը (558 StartupBlink միավոր), SoloLearn Cos-ը (545 StartupBlink միավոր), Krisp-ը (527 StartupBlink միավոր):
Գլոբալ Ստարտափ Էկոհամակարգի ինդեքսի ցանկում հինգերորդ տարին անընդմեջ առաջին երեք հորիզոնականներն անփոփոխ են՝ լավագույն էկոհամակարգով երկրներ են ճանաչվել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Իսրայելը, 4-րդ հորիզոնականում Կանադան է, 5-րդում՝ Սինգապուրը, որն այս տարի փոխարինել է Շվեդիային: Հարավային Կովկասի տարածաշրջանային երկրներից Վրաստանը զբաղեցրել է 70-րդ տեղը՝ բարելավելով իր դիրքը 1 կետով, իսկ Ադրբեջանը՝ 80-րդն է՝ բարելավելով իր դիրքը 4 կետով:
Ինդեքսի 1000 երկրների ցանկում Հայաստանից ներառված է եղել միայն Երևանը, որը 21 կետով բարելավել է դիրքերը՝ մուտք գործելով համաշխարհային լավագույն 200 երկրների ցանկ (200-րդ հորիզոնական), ինչը նրա լավագույն դիրքն է ցանկում ընդգրկվելուց ի վեր: Արևելյան Եվրոպայում Երևանը մեկ տեղով բարձրացել է և այժմ զբաղեցնում է 17-րդ տեղը: Բացի այդ, Երևանը Եվրոպայում 11-րդն է հավելվածների ստեղծման մասով:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: