Հայաստանի տնտեսությունը 2025թ. առաջին եռամսյակում

Վերջին լուրերը
Հայաստանի տնտեսությունը 2025թ. առաջին եռամսյակում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Վիճակագրական կոմիտեն ամփոփել է տնտեսության՝ 2025 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները: Սպառողական գների ինդեքսը հունվար-մարտ ամիսներին կազմել է 103.5%՝ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ եռամսյակի ընթացքում գներն աճել են 2.5%-ով: 

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները աճել են 4.1%-ով, ընդ որում բանջարեղենը թանկացել է 18.1%-ով, մրգերը՝ 6.1%-ով, իսկ ձուկը՝ 15.6%-ով: Միևնույն ժամանակ շաքարն էժանացել է 5.3%-ով: Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գներն աճել են 4.1%-ով, հագուստի և կոշիկի գները նվազել են 2.8%-ով: Կացարանային ծառայությունների, ջրի և գազի գներն աճել են 0.7%-ով, իսկ կրթության ոլորտում գրանցվել է 7.8% աճ: Տրանսպորտի ծառայությունների գներն աճել են 3.1%-ով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը 2025թ. հունվար-մարտին կազմել է 255,768 դրամ, ինչը 10.4%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 209,000 դրամ՝ աճելով 7.1%-ով, իսկ մասնավոր հատվածում՝ 276,000 դրամ՝ աճելով 11.8%-ով: Իրական աշխատավարձի ինդեքսը կազմել է 102.1%, ինչը վկայում է, որ աշխատավարձերի աճը գերազանցել է գնաճի տեմպը:

Անշարժ գույքի շուկայում իրավիճակը տարբեր է մայրաքաղաքում և մարզերում: Երևանում բնակարանների գները տարեկան կտրվածքով աճել են ընդամենը 0.8%-ով, սակայն եռամսյակի ընթացքում նվազել են 1.5%-ով: Մարզերում գները զգալիորեն աճել են՝ տարեկան կտրվածքով 13.2%-ով, իսկ եռամսյակում՝ 3.6%-ով:

Արտաքին առևտրի ցուցանիշները ևս խառն են: Արտահանման ծավալների ինդեքսը կազմել է 111.3%՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, մինչդեռ ներմուծման ծավալները նվազել են՝ կազմելով 96.0%: Բեռնափոխադրումների սակագները 2025թ. առաջին եռամսյակում աճել են 4.0%-ով, ընդ որում երկաթուղային փոխադրումների սակագներն աճել են 8.0%-ով, ավտոմոբիլայինը՝ 3.0%-ով, իսկ օդայինը՝ 3.9%-ով:

Հեռահաղորդակցության ոլորտի հասույթը կազմել է 38,059.2 միլիոն դրամ՝ աճելով 1.5%-ով, իսկ ինտերնետ ծառայությունների հասույթը հասել է 20,500.5 միլիոն դրամի՝ գրանցելով 3.5% աճ: Գյուղատնտեսական արտադրանքի գների ինդեքսը կազմել է 107.2%, աճելով 4.2%-ով:

Աշխատողների ընդհանուր թիվը տնտեսությունում կազմել է 633.6 հազար մարդ, ինչը 0.5%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Տնտեսության տարբեր ճյուղերում զբաղվածների քանակը բաշխվել է հետևյալ կերպ՝ արդյունաբերությունում՝ 106.2 հազար, շինարարությունում՝ 43.5 հազար, գյուղատնտեսությունում՝ 58.4 հազար, առևտրի և հանրային սննդի ոլորտում՝ 116.7 հազար, կրթության ոլորտում՝ 79.1 հազար, առողջապահությունում՝ 57.6 հազար, իսկ տրանսպորտի և կապի ոլորտում՝ 39.4 հազար մարդ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները