2024 թվականին Հայաստանի շինարարության ոլորտի ընդհանուր ծավալը կազմել է 709.5 մլրդ դրամ, որը 13.6%-ով գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը։ Շինարարությունը ֆինանսավորվել է տարբեր աղբյուրներից՝ պետական բյուջեից հատկացվել է 182.2 մլրդ դրամ, միջազգային վարկերից՝ 57.4 մլրդ դրամ, համայնքների միջոցներից՝ 34.9 մլրդ դրամ, իսկ բնակչության ներդրումները կազմել են 143.9 մլրդ դրամ։
Շինարարական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում։ Երևանում ծավալը կազմել է 313.1 մլրդ դրամ, Կոտայքում՝ 81.2 մլրդ դրամ, Լոռիում՝ 38.7 մլրդ դրամ, Սյունիքում՝ 37.7 մլրդ դրամ, Շիրակում՝ 32.3 մլրդ դրամ։
Բնակելի շինարարության ոլորտում 2024 թվականին գործարկվել է 1,261,180 քառ. մետր տարածք, որը 80%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Բնակելի շենքերի կառուցման համար պետական բյուջեից հատկացվել է 1.4 մլրդ դրամ, մասնավոր ընկերություններից՝ 209.4 մլրդ դրամ, բնակչության ներդրումներից՝ 105.5 մլրդ դրամ։
Սոցիալական նշանակության օբյեկտների շինարարությունում հանրակրթական դպրոցների կառուցման համար ներդրվել է 32.3 մլրդ դրամ, որի արդյունքում կառուցվել են 4,527 տեղանոց դպրոցներ․ սա գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 45.6%-ով։ Նախադպրոցական հաստատությունների կառուցման ծավալը կազմել է 10.7 մլրդ դրամ, իսկ առողջապահական հաստատությունների կառուցման ծավալը՝ 8.7 մլրդ դրամ։