Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է Ֆինանսական կայունության 2024 թվականի հաշվետվությունը, որը ներկայացնում է երկրի ֆինանսական համակարգի վիճակն ու զարգացումները։ 2024 թվականին արձանագրվել է վարկային ակտիվության բարձր մակարդակ․ ընդհանուր վարկային պորտֆելի տարեկան աճը կազմել է մոտ 26 տոկոս։
Տնային տնտեսությունների վարկավորման ակտիվության պայմաններում նրանց պարտքի բեռն աճել է, սակայն վարկերի ժամկետայնության բարձրացման արդյունքում պարտքի սպասարկման բեռի էական աճ չի արձանագրվել։ Սպառողական և հիպոտեկային վարկերն աճել են գրեթե նույն տեմպով։
Սպառողական վարկերի պահանջարկի վրա ազդեցություն է ունեցել ոչ միայն եկամուտների աճը, այլ նաև անշարժ գույքի շուկայում ակտիվությունը։ Աճել է նաև ավելի երկար ժամկետով վարկեր ստացած անձանց տեսակարար կշիռը։
Չաշխատող վարկերի ընդհանուր տեսակարար կշիռը 2024 թվականի վերջին կազմել է 1.2%՝ նախորդ տարվա 2.4%-ի փոխարեն։ Որոշ վարկատեսակներում չաշխատող վարկերի կշիռը նվազել է՝ բացառությամբ բիզնես վարկերի։
Ավանդների մասով՝ դրամային ավանդները կազմել են ընդհանուր ավանդների մոտ 56 տոկոսը։ Աճել է ցպահանջ միջոցների մասնաբաժինը, իսկ մեկ տարուց ավելի ժամկետայնությամբ դրամային ավանդների տոկոսադրույքները որոշակիորեն նվազել են՝ արձագանքելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությանը։
Վարկերի տոկոսադրույքների մասով՝ նկատելի նվազում չի արձանագրվել՝ պայմանավորված վարկերի նկատմամբ բարձր պահանջարկով։ Միևնույն ժամանակ, բանկերի զուտ տոկոսային մարժան աճել է՝ կազմելով 4.8 տոկոս, իսկ վարկերի միջին եկամտաբերությունը՝ 0.4 տոկոսային կետով։
Ֆինանսական կայունության հաշվետվությունում ԿԲ-ն առանձնացրել է մի շարք համակարգային ռիսկեր, ներառյալ՝ համաշխարհային տնտեսության, ՀՀ մակրոտնտեսական միջավայրի, ֆինանսական շուկայի, ֆինանսական կազմակերպությունների և ենթակառուցվածքների մակարդակում ռիսկեր։