Microsoft-ի հրապարակած AI Diffusion Report 2025 զեկույցը արհեստական բանականությունը բնորոշում է որպես «նոր համընդհանուր նշանակության տեխնոլոգիա»՝ համադրելով այն ինտերնետի, համակարգչի և սմարթֆոնի պատմական ազդեցությունների հետ։ Ըստ զեկույցի՝ AI-ը տարածվում է անհավատալի արագությամբ․ ընդամենը երեք տարվա ընթացքում աշխարհում ավելի քան 1․2 միլիարդ մարդ արդեն օգտվել է AI գործիքներից։
Զեկույցը վերլուծում է արհեստական բանականության տարածման գործընթացը՝ այն բաժանելով երեք հիմնական ուժերի՝ առաջնորդներ (Frontier builders), համակարգային ենթակառուցվածք ձևավորողներ (Infrastructure builders) և օգտագործողներ (Users)։ Առաջին խմբի մեջ են մտնում այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են OpenAI, որոնք ստեղծում են խոշոր մոդելներ՝ օրինակ GPT-5-ը, երկրորդ խումբը ապահովում է տեխնոլոգիական հիմքը, իսկ երրորդը՝ կիրառությունները բիզնեսում, կառավարությունում և հասարակության մեջ։
AI Diffusion Index-ի մեջ մեր երկրի ցուցանիշը կազմում է 6․2%, ինչը միջազգային մասշտաբով դասում է Հայաստանը ցուցակի ստորին հատվածում։ Համեմատության համար՝ ԱՄԷ-ն ունի 59․4%, Սինգապուրը՝ 58․6%, Չինաստանը՝ 15․4%, իսկ Ադրբեջանը՝ 14․2%։ Այս ցուցանիշով Հայաստանը զիջում է անգամ Տանզանիային և Ուգանդային՝ գրանցելով նույն մակարդակը, ինչ Շրի Լանկան։
Զեկույցում նշվում է, որ AI-ի տարածման և օգտագործման մակարդակը անմիջականորեն կապված է մի շարք գործոնների հետ՝ ինտերնետի հասանելիություն, թվային հմտություններ, մուտք էներգիայի և հաշվարկային հզորությունների նկատմամբ, ինչպես նաև երկրի ՀՆԱ-ի մեկ շնչին բաժին ընկնող արժեքի հետ։ Այս ցուցանիշներով զարգացած երկրները մոտ երկու անգամ գերազանցում են զարգացողներին։
Արհեստական բանականության ընդունումն ու կիրառությունը Հայաստանում դեռևս վաղ փուլում են, ինչը պայմանավորված է ինչպես տեխնոլոգիական ենթակառուցվածքների սահմանափակությամբ, այնպես էլ թվային հմտությունների ոչ համատարած զարգացման մակարդակով։ Միևնույն ժամանակ՝ փորձագետները նշում են, որ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը՝ հատկապես կրթական և ստարտափ ոլորտներում, ունի արագ առաջընթացի ներուժ, եթե AI-ը ներառվի պետական ռազմավարական ծրագրերում և գործնական կրթական գործընթացներում։
AI-ի տարածման համաշխարհային քարտեզը, ըստ զեկույցի, դառնում է ոչ միայն տեխնոլոգիական, այլև տնտեսական տարբերակման ցուցիչ․ այն երկրները, որոնք վաղ են ներդնում արհեստական բանականությունը, արդեն ձևավորում են իրենց մրցակցային առավելությունը աշխատաշուկայում, կրթության մեջ և հանրային կառավարման ոլորտում։











