ԱՌՖԻ ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Էդգար Էվոյանը մասնակցել է Belarus Fin&Tech Hub-ի նախաձեռնած «Ներդրումային քրաուդֆանդինգը Ղազախստանում, Բելառուսում և Հայաստանում» խորագրով քննարկմանը, որը անցկացվել է «Corporates to startups» նախագծի շրջանակում:
Էդգար Էվոյանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել է Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի միջավայրը, կարգավորումներն ու այն հնարավորությունները, որոնք ընձեռում է ԱՌՖԻ-ն:
«ԱՌՖԻ-ն ոչ միայն Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակն է, այլև նմանատիպ առաջին հարթակն է տարածաշրջանում, կարծում եմ նաև աշխարհում, որովհետև չկա աշխարհում նման օրինակ, երբ նման ներդրումային հարթակ ստեղծվում է պետության կողմից՝ բիզնես միջավայրը զարգացնելու համար: ԱՌՖԻ հարթակը թույլ է տալիս ներդրողներին ամբողջ աշխարհից կատարել ներդրումներ Հայաստանում գործող ընկերություններում՝ սկսած հարյուր դոլարից և ունենալ բաժնեմաս ընկերությունում»,- իր ելույթում ասել է Էդգար Էվոյանը:
ԱՌՖԻ գործադիր տնօրենը ներկայացրել է Հայաստանում դաշտի կարգավորման առանձնահատկություններն ու նշել անվտանգային այն առանձնահատկությունները, որոնք ընձեռում է ԱՌՖԻ-ն:
Էդգար Էվոյանը նշել է, որ մեկ տարվա ընթացքում ԱՌՖԻ-ն ստացել է ավելի քան 300 բիզնես նախագծի հայտ, որոնցից հաստատվել են 13-ը: «Ներկա դրությամբ հարթակում դուք կարող եք տեսնել 3 ընկերությունների, որոնք իրականացնում են ներդրումային քրաուդֆանդինգ: Մնացած ընկերությունները նույնպես առաջիկա օրերին կհայտնվեն հարթակում»:
Ելույթով հանդես է եկել նաև Ղազախստանում GoCrowd քրաուդֆանդինգի հարթակի հիմնադիր Ալփամիս Ալփիսը:
«Մեզ համար շատ կարևոր էր լսել ԱՌՖԻ-ի փորձը Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի հարթակի ստեղծման վերաբերյալ: Մենք տպավորված ենք գործողությունների արագությամբ և այն մոտեցումներով, որոնք կիրառում է ԱՌՖԻ-ն նորարարական ենթակառուցվածքների զարգացման համար: Բելառուսում նույնպես զարգանում է ներդրումային քրաուդֆանդինգի շուկան, հետևաբար, շատ օգտակար էր փոխանակվել մտքերով, լավագույն փորձով ինչպես նաև որոշակի խնդիրների լուծման ուղիներով: Մեր ստարտափների համար շատ կարևոր էր իմանալ ներդրումներ ներգրավելու հնարավորությունների մասին, որոնք ընձեռում է ԱՌՖԻ-ն»,-հանդիպման ավարտին ասել է Belarus Fin&Tech Hub-ի տնօրեն Ալեքսանդր Բուլահը:
ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը՝ գրանցված և լիցենզավորված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, հիմնադրվել է 2022 թվականին՝ աջակցելու ներդրողներին և ընկերություններին հասնել իրենց բիզնես նպատակներին:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։