Արդշինբանկը փետրվարի 6-ին հայտարարել է HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության գալու մասին՝ Հայաստանում վերջինիս դուստր բանկի ձեռք բերման վերաբերյալ։
«HSBC Հայաստանի ակնկալվող ձեռքբերումը բացառիկ հնարավորություն է ամրապնդելու Արդշինբանկի գործառնական ու ֆինանսական առկա ներուժը: Բիզնեսի համադրումն ուղղված է մեծացնելու Արդշինբանկի բարձրակարգ հաճախորդների բազան ու փորձառու աշխատակիցների թիմը»,- ասվում է հայտարարության մեջ։
2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ HSBC Հայաստանի ակտիվները կազմել են մոտ 290 միլարդ ՀՀ դրամ, վարկային պորտֆելը՝ մոտ 185 միլիարդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդներից ներգրաված միջոցները՝ մոտ 200 միլիարդ ՀՀ դրամ:
Գործարքը ենթակա է հաստատման վերահսկող ու հակամենաշնորհային մարմինների կողմից և ավարտին կհասցվի առաջիկա 12 ամիսների ընթացքում:
Այս գործարքի նպատակը աճն է, և մենք անհամբերությամբ սպասում ենք HSBC Հայաստանի աշխատակիցներին Արդշինբանկի թիմում։ Մենք ապահովելու ենք HSBC Հայաստանի հաճախորդների սահուն և անխափան անցումն Արդշինբանկի համակարգ: Հաճախորդները կշարունակեն օգտվել անհատականացված ծառայությունների մատուցման առավելություններից՝ ստանալով նաեւ հասանելիություն Արդշինբանկի բանկային պրոդուկտների լայն տեսականուն»,- նշել է Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: