Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Microsoft-ը վերագտել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերության կարգավիճակը՝ Apple-ի բաժնետոմսերի անկումից հետո:
Ինչպես հաղորդում է CNBC-ն, վերջին 4 բորսայական սեանսների ընթացքում Apple-ի կապիտալիզացիան կրճատվել է 23 տոկոսով՝ հասնելով 2.59 տրիլիոն դոլարի։ Ընկերության արժեզրկումը պայմանավորված է նոր ամերիկյան մաքսատուրքերով, որոնք կարող են բացասաբար ազդել նրա բիզնեսի վրա։
Հիշեցնենք, որ Apple-ի եկամուտի գրեթե կեսը գոյանում է iPhone-ի վաճառքից, որն հիմնականում արտադրվում է Չինաստանում և Հնդկաստանում։ Միևնույն ժամանակ, Microsoft-ի շուկայական արժեքը կազմել է 2.64 տրիլիոն դոլար, ինչն այն դարձնում է ներկայիս ամենաթանկ ընկերությունն աշխարհում։
Վերջին ամիսներին շուկաներում առաջատարի դիրքի համար մրցում էին Apple, Microsoft և Nvidia ընկերությունները։ Ըստ Jefferies վերլուծական ընկերության՝ Microsoft-ը մնում է ԱՄՆ-ի այն քիչ ընկերություններից մեկը, որի գործունեությունը համեմատաբար մեկուսացված է մաքսային տուրքերի փոփոխությունների ազդեցությունից։
Հիշեցնենք, որ 3 տեխնոհսկաներն էլ ժամանակին ունեցել են 3 տրիլիոն դոլարից ավելի կապիտալիզացիա, սակայն, վերջին շուկայի ուղղման արդյունքում, այդ թիվն անկում է ապրել։
Այս պահին Nasdaq ցուցիչը նվազել է 13 տոկոսով։